24/10/2016 15:12
Նվազագույն պայմաններով մենք ամենաարդյունավետ գործող թատրոններից ենք. համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Համազգային թատրոնի շենքի կառուցման համար տարածք է հատկացվել Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող տարածքում, սակայն շենքի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսում: Aysor.am-ի հետ զրույցում Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանն ասաց, որ վերջին շրջանի կադրային փոփոխությունները հարաբերական դադար են մտցրել գործընթացի մեջ:
«Վերջին անգամ, երբ հանդիպել ենք նախարարների հետ, արդեն հստակ նշված էր, թե ինչ ժամանակացույցում պետք է այդ հարցը մտնի կառավարություն: Հիմա շարունակում ենք գործընթացը: Կարծում եմ, որ առաջիկայում նորանշանակ նախարարի հետ կլինի հանդիպում», - ասաց Վարդան Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ շենքի կառուցումը դեռ չի սկսել. «Դեռ թղթաբանության փուլում ենք և դեռ լուծելիք խնդիրներ կան»:
Ավելի վաղ դրամահավաք էր իրականացվում թատրոնի շենքի կառուցման նպատակով: Գեղարվեստական ղեկավարն ասաց, թե որոշակի գումար հավաքել են, բայց դա չնչին գումար է. «Մենք չենք սևեռված միայն զրոյից կառուցելու հարցի վրա, այլընտրանքային տարբերակներ են քննարկվում: Մեզ համար հարցերի հարցն այն է, որ նորանկախ Հայաստանի առաջին մշակութային օջախն ունենա իր տանիքը»:
Վարդան Մկրտչյանն ասաց, թե հույսեր է կապում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ. «Նա շատ լավ գիտի մեր թատրոնը, բազմիցս հաճախել է, ներկայացումները նայել է, կարծում եմ, որ նոր թափով, նոր շնչով այս հարցի ճիշտ վերջակետը կդնենք»:
Դերասանները շարունակում են աշխատել առանց նորմալ պայմաններ ունենալու: «Բոլորը գիտեն, որ հիմա հարցը լուծվում է, շուտով լուծվելու է, բայց անընդհատ ձգձգումներ են տեղի ունենում: Սա շատ պայթյունավտանգ իրավիճակ է: Բայց մենք մեր ստեղծագործական ակտիվությամբ փորձում ենք լրացնել այդ բացը, պրեմիաներ ենք ներկայացնում: Չունենալով պայմաններ, նվազագույն պայմաններով մենք ամենաարդյունավետ գործող թատրոններից ենք», - ասաց համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: