25/10/2016 13:46
Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը
2016թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում և 40 օր ՀՀ մարզերում ու Արցախում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ստացված 865 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրներից:
«Ռոլան» 12-րդ փառատոնի ընթացում ժյուրիի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, որտեղ բացառապես աշխատելու են երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորները:
Փառատոնային 5 օրերի ընթացքում Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում ցուցադրվելու են լավագույն փառատոնային ֆիլմեր և մուլտֆիլմեր երեխաների և երիտասարդների համար: Այնուհետև` 40 օրվա ընթացքում, ցուցադրությունները կշարունակվեն նաև ՀՀ մնացյալ մարզերում՝ Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ, Արագածոտն, նաև՝ Արցախում:
Ցուցադրությունները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:
«Ռոլան» փառատոնը կրկին հանդես կգա, որպես միջազգային հարթակ երիտասարդների միջև՝ մշակութային երկխոսության համար: Սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ արտերկրից ժամանած հյուրերի հետ ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ապարան, Ալավերդի, Գավառ, Ճամբարակ, Թեղուտ, Շնող, Դաստակերտ համայնքներում, և Արցախում՝ խթանելով նաև ՀՀ համայնքներում ապրող երեխաների և երիտասարդների մասնակցությունը:
Այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի ճանաչված և սիրված կինոգործիչների տարբեր երկրներից, այդ թվում` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե Արմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին:
Փառատոնի շրջանակներում կիրականացվի ռեժիսորի՝ «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև տեղի կունենա նրա ստեղծագործական երեկոն` նվիրված ծննդյան 75-ամյակին: Ավանդույթը չխախտելով՝ կյուրընկալվի նաև փառատոնի հավատարիմ բարեկամը` ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին:
Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ: Փառատոնին կմասնակցեն նաև այլ հյուրեր: