25/10/2016 17:11
Բանակցություններն այս պահին լիարժեք չեն, քանի որ ԼՂՀ-ն դուրս է բանակցային գործընթացից. Կարեն Բեքարյան
Նորություն չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ առանց Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների, ոչ մի համաձայնագիր չի լինի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Ուորլիքի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում։ Բոլորդ էլ լավ գիտեք, որ համանախագահները բազմիցս հայտարարել են, որ բանակցությունները վարվում են Մադրիդյան սկզբունքների հիմքով։ Դրանց առնվազն գաղտնազերծված մասում առկա է տարածքների, կարգավիճակի, փախստականների, խաղաղապահների և այլ խնդիրներ։ Ուորլիքի ձևակեպումը գուցե աննորմալ է և պետք է արձագանքել ձևակերպման նյուանսներին, բայց նա փորձել է հիշեցնել մադրիդյան սկզբունքները՝ այդ թվում անդրադարձ կատարելով կարգավիճակի խնդիրներին»,-ասաց նա։
Կարեն Բեքարյանի կարծիքով՝ բանակցություններն այս պահին ոչ լիարժեք են, քանի որ ԼՂՀ-ն դուրս է մնում բանակցային գործընթացից, ինչն, ըստ պատգամավորի, ճիշտ չէ։
«Բանակցություններում կա երեք կողմ, որոնցից մեկն այս պահի դրությամբ ոչ լիարժեք է։ ԼՂՀ-ի հետ ևս տարվում են բանակցություններ և ԼՂՀ-ն ունի բանակցային գոծընթացին մասնակցություն, բայց՝ ոչ լիարժեք։ Մենք ասում ենք ոչ լիարժեք, որովհետև, օրինակ, նախագահների մակարդակով հանդիպումներին ԼՂՀ-ն չի մասնակցում։ Օբյեկտիվ է սա արդյոք, իհարկե՝ ոչ»,- ասաց Կ. Բեքարյանը։
Պատգամավորի խոսքով՝ մեկ անգամ չէ, որ համանախագահների կողմից ասվել է, որ երբ հարցը գնա դեպի համաձայնագրի մշակում, ապա ԼՂՀ ներկայացուցիչները պիտի անպայման իրենց մասնակցությունն ունենան։
«Իհարկե սա ճիշտ չէ, որովհետև ճիշտ կլիներ՝ ԼՂՀ-ն մասնակացություն ունենար բանակցային բոլոր գործընթացներին, բայց պետք է հաշվի առնել, որ դա միայն ՀՀ և ԼՂՀ ներկայացուցիչներից կախված չէ։ Հարցը նաև բարոյական հարթություն ունի։ Անաբարոյական է մարդկանց ճակատագիրը առանց մարդկանց ներգրավվածության լուծել»- ասաց նա։