25/10/2016 17:35
Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը
Հոկտեմբերի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պյեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ի հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերի՝ զերծ մնալ առավելապաշտական և սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից՝ Բաքուն շարունակում է այդ գործելաոճը, ինչի թարմ ապացույցն են վերջին օրերին բանակցային գործընթացի էությունը և ոգին խեղաթյուրող Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարությունները, որոնք միանաշանակ վնասակար են բանակացային գործընթացի համար։