25/10/2016 14:12
ԵԱՀԿ ՄԽ միջնորդները հանդիպում կազմակերպելու համար սպասում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խոսքին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկացած օր պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Նախագահների հանդիպման կոնկրետ օր չկա: Բայց մենք ցանկացած օր պատրաստ ենք կազմակերպել, երբ լինի ցանկություն: Նախագահները պետք է համաձայնեն: Ժամանակն է, որ խնդրին խաղաղ լուծում տրվի», - Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք կանենք այն, ինչ կարող ենք, բայց ի վերջո նախագահներն են, որ պետք է որոշումներ կայացնեն», - ընդգծեց նա:
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են ԼՂ խաղաղ կարգավորմանը:
«Կողմերից ոչ մեկն էլ չի ցանկանում պատերազմ: Ապրիլը բոլորի համար մեծ գին էր: Մենք չենք ուզում տեսնել հակամարտության երկարաձգում: Երկու նախագահներն էլ իրական հայրենասերներ են, նրանք իրենց երկրին ու ժողովրդին են հավատում, ես հարգում եմ դա: Նրանք, իմ կարծիքով, ամբողջովին պատրաստ են աշխատել համանախագահների հետ: Պատրաստ են աշխատել՝ գտնելու լուծում, որ հնարաորություն կտա ապրել խաղաղության մեջ», - հայտարարեց Ջ.Ուորլիքը: