25/10/2016 13:59
Եթե տարածքների վերադարձի մասին հարց կա, պետք է քննարկել նաև ԼՂ կարգավիճակը. Ուորլիք
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը՝ մեկ ամբողջական փաթեթ է, Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Պետք է բոլոր հարցերը միասնական քննարկվեն: Եթե շրջակա տարածքների վերադարձի մասին հարց կա, ապա պետք է քննարկենք նաև ԼՂ կարգավիճակը: Պետք է խոսենք փախստականների, տեղահանվածների, միջազգային խաղաղապահ ուժերի կարգավիճակի մասին: Կողմերից ոչ մեկը չի կարող վերցնել միայն իր համար նպաստավոր տարրը ու դա քննարկել: Սա փաթեթ է: Այս բոլոր խնդիրները պետք է բաց լինեն քննարկման համար», - հայտարարեց Ջ.Ուորլիքը:
Նա ընդգծեց, որ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին «շատ մտահոգ է խաղաղ կարգավորման հարցով»:
«Մենք` Միացյալ Նահանգները, համանախագահների հետ միասին պատրաստ ենք առաջ շարժվել բանակցային ճանապարհով: Բաքվում ես ասացի` եթե ոչ հիմա, ապա ե՞րբ», - ասաց համանախագահը:
Ջ.Ուորլիքը նշեց, որ կան գաղափարներ, որոնք հիմա բանակցային սեղանին են:
«Ու մենք կարող ենք դրանց շուրջ բանակցել: Մենք ուզում ենք տեսնել քաղաքական կամք նախագահների կողմից, որպեսզի հանձնառություն ստանձնեն առաջ շարժվել բանակցությունների ճանապարհով», - ընդգծեց նա: