25/10/2016 14:05
Ջեյմս Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում հանդիպելու առիթ կունենան
Մինսկի խումբը կարևորում է ԵԱՀԿ առաքելության ընդլայնումը և կարծում, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն:
«Մենք հավատացած ենք, որ կարևոր է դեսպան Կասպրշիկի առաքելության ընդլայնումը: Նախագահները համաձայնել են դրան ու վերահաստատել են դա», - Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով, իդեալական տարբերակում դա արդեն պետք է կյանքի կոչված լիներ, բայց մանրամասները դեռ հստակեցման կարիք ունեն:
«Մենք քննարկում ենք: Կողմերից ոչ մեկը մյուսին չպետք է մեղադրի: Սրանք հարցեր են, որոնք հստակեցման կարիք ունեն: Համոզված եմ` կգա այդ ժամանակը ու Կասպրշիկի առաքելության ընդլայնումը կլինի կարևոր հարց: Կարող եմ ասել, որ մեր այցի նպատակներից է, որ այնպես անենք, որ կարողանանք հասնել հաջողության դեսպան Կասպրշիկի առաքելության ընդլայնման մասով», - նշեց Ջ.Ուորլիքը:
«Մենք կարծում ենք, որ նախագահներն առաջիկայում առիթ կունենան հանդիպելու», - ընդգծեց նա: