25/10/2016 13:48
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ անկեղծ քննարկում պետք է ծավալել. Ջեյմս Ուորլիք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Սա մի բան է, որ բոլորս պետք է ողջունենք: Մենք պետք է անկեղծ քննարկում ծավալենք այս հարցի վերաբերյալ: Դիրքորոշումները կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ հասարակությանը ներկայացվեն: Մենք ողջունում ենք նախագահ Ալիևի հայտարարությունը: Բոլոր տարրերը, որոնք բանակցությունների մաս են, պետք է ներկայացվեն նաև հանրության լայն շրջանակներին», - հայտարարեց Ջ.Ուորլիքը:
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են առաջ ընթանալ խաղաղության ճանապարհով:
«Նախագահ Սարգսյանի հետ ցանկանում ենք հստակեցնել մեր քայլերը: Մեր այցի նպատակն է հստակություն մտցնել որոշ մանրամասների շուրջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու շուրջ», - նշեց Ջ.Ուորլիքը:
«Մենք պետք է խոսենք կարգավիճակի մասին, ինչպես բոլոր հարցերի մասին: Սա շրջանառվող հարցերից է: Մենք խոսում ենք վերջնական կարգավիճակի, հանրաքվեի կամ այլ ուղիների մասին: Ես հուսով եմ, որ այս քննարկումները նաև հանրային քննարկման մաս կլինեն», - ասաց նա: