25/10/2016 19:13
Որպես հիմք է վերցվել այդ ֆիլմի սիրող զույգի պատմությունն ու սերիալ նկարվել. Ելենա Արշակյանը՝ «Կայարան» սերիալի մասին
Վերջերս ATV հեռուստաընկերությամբ մեկնարկեց Ելենա Արշակյանի «Կայարան» բազմասերիանոց ֆիլմը, որի գաղափարը սցենարիստի և ռեժիսորի մտքում ծնվել էր դեռևս տարիներ առաջ:
««Անավարտ թռիչք» ֆիլմից հետո ես և սցենարիստ Անահիտ Մխիթարյանը հասկացանք՝ շատ բաներ չկարողացանք 1 ժամ 30 րոպեի մեջ տեղավորել ու որոշ բաներ կիսատ են մնացել: «Անավարտ թռիչքը» նկարահանելու ժամանակ մեկտեղ մտածում էինք՝ որպես հիմք վերցնել այդ ֆիլմի սիրող զույգի պատմությունն ու սերիալ նկարել: Շնորհակալ եմ, որ մեզ հնարավորություն ընձեռվեց ATV հեռուստաընկերության կողմից մտահղացումն իրականացնելու համար: Նաև շնորհակալ եմ, որ շուրջս հավաքվեցին մերդիկ, ովքեր հավատացին այս գաղափարին ու վստահեցին ինձ»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ելենա Արշակյանը:
Մի շրջան Ե. Արշակյանը որոշել էր այլևս չանդրադառնալ սերիալներին, հարցին, թե ի՞նչը ստիպեց փոխել որոշումը, մեր զրուցակիցը խոստովանեց.
«Այո, երկար ժամանակ էր՝ սերիալներին չէի անդրադարձել, նկարում էի 16 մասից բաղկացած ֆիլմաշարեր: Շատ էի կարոտել այս աշխատանքս: Բայց, անկեղծ ասած, այս դեպքում ավելի շատ որպես պրոդյուսեր, քան՝ որպես ռեժիսոր եմ հանդես գալիս, ինչն ինձն համար էլ նորություն էր ու առավել պարտավորեցնող քայլ: Ֆիլմի միայն առաջին մի քանի սերիաներն եմ նկարել ու ռեժիսորի աշխատանքը վստահել եմ մեկ այլ մասնագետի»:
Պրոդյուսեր-ռեժիսորի նկատառմամբ՝ կայարան բառն ասոցացվում է սպասումի, սիրո, բաժանման հետ, ինչն էլ հեռուստադիտողը սերիալում կտեսնի: Հատկանշական է, որ նրա՝ մինչ այս նկարահանած գրեթե բոլոր սերիալներից նոր անուններ են ծնվել, որոնք հետագայում զբաղեցրել են հայկական սերիալային շուկայի գրեթե 50 տոկոսը: Ռեժիսորի և ֆիլմի հաջողության համար այս մոտեցումը թեև գնահատելի, սակայն նաև ռիսկային է:
«Անդրադառնալով դերասանական կազմին՝ պետք է նշեմ, որ այս անգամ ևս դիմեցի իմ որդեգրած քայլին. էկրաններ եմ բերում Թատերական ինստիտուտը նոր ավարտած երիտասարդների, նոր կադրերի՝ հնարավորություն ընձեռելով իրենց սովորածը լավագույնս դրսևորել, փայլել էկրաններին: Ինձ համար պարտքի զգացում է՝ միշտ այնպես անել, որ նորավարտ ուսանողները ևս ունենան հնարավորություն իրենց դրսևորելու, ինչու ոչ՝ նաև գումար աշխատել: Ես պատկանում եմ այն ռեժիսորների շարքին, ովքեր սիրում են աշխատել դերասանի հետ: Որպես մասնագետ՝ ինձ առավել լավ եմ զգում սկսնակների հետ աշխատելով, իրենց հնարավորություն տալով: Երևի թե ժամանակին, երբ նոր էի ավարտել Թատերական ինստիտուտը, ինչ-որ մեկն էլ ինձ է հնարավորություն տվել: Ինչ վերաբերում է ռիսկին, իհարկե, ռիսկային է, բայց առանց ռիսկի մեր գործում չես կարող»,-ժպիտով ընդգծեց նա:
Ի դեպ, այս ռեժիսորին միշտ հաջողվում է սերիալներից, կարծես թե, խուսափող դերասան, բեմադրիչ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանին ևս ընդգրկել նրանցում:
«Մենք արդեն համագործակցության փորձեր ունեցել էինք, որոնք շատ լավ ընթացք էին ունեցել: Այս անգամ ևս, ծանոթանալով սցենարին, համաձայնեց: Շնորհակալ եմ, որ նկարահանվեց մեր սերիալում՝ իր ներկայությամբ օգնելով ոչ միայն ինձ, այլև՝ դերասանական սկսնակ անձնակազմին»,-նշեց պրոդյուսերը:
Aysor.am-ի եզրափակիչ հարցին, թե «Անավարտ թռիչքից» հետո ե՞րբ սպասենք Ելենա Արշակյանի հաջորդ գեղարվեստական ֆիլմին, պատասխանեց.
«Իհարկե, ես էլ եմ սպասում իմ հաջորդ գեղարվեստական ֆիլմին, բայց դրա համար ժամանակ է պետք: Կա լավ մտահղացում, լավ սցենար, հիմա էլ կսպասենք ժամանակին: Անպայման կլինի նոր գեղարվեստական ֆիլմ»: