26/10/2016 15:22
Արմեն Մարգարյանը և Սուրեն Առուստամյանը՝ «Change» և «Ազիզյանները» նախագծերի մասին
Հոկտեմբերի 31-ից «Ucom»-ի բաժանորդները «Արմենիա Պրեմիում»-ի եթերում հետևելու են 4 նոր նախագծերի՝ «Հին արքաներին», «Ցանկալի փեսացուին», «Change» սիթքոմին ու «Ազիզյանների» ընտանիքին: Նախագծերում ընդգրկված են սիրված ու ճանաչված դերասաններ, որոնցից մի քանիսի համար ժանրային դեբյուտներ են եղել: Օրինակ, դերասան Սուրեն Առուստամյանին հեռուստադիտողը մինչ այս հումորային կերպարներում չի տեսել, այնինչ վերջինս այժմ «Ազիզյանների» բնակիչ է:
«Առաջարկը ստացել եմ Արման Մարությանից ու հիմա Հայկ Մարությանի հետ հանդես եմ գալիս «Ազիզյանները» նախագծում՝ Էմիլի կերպարում, ում բոլորը «կարճ» անվանում են Էմիլիո: Կերպարս տարբերվում է մինչ այսօր էկրաններին հայտնված մյուս կերպարներից: Բոլորովին այլ տեսանկյունից եմ ներկայանալու: Ինձ համար էլ նորություն էր, բայց մեծ հաճույք եմ ստանում ամբողջ խմբի հետ աշխատելով: Պրոֆեսիոնալ թիմ է հավաքված», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ս. Առուստամյանը:
Դերասան Արմեն Մարգարյանն էլ ներգրավված է երկու նախագծերում՝ «Հին արքաներում» և «Chanje» սիթքոմում, որոնցից մեկը պատմական սերիալ է, մյուսը՝ կատակերգական:
«Պատմական սերիալում դերս ծավալուն, շարունակական չի, հենց երկրորդ սերիայում կերպարիս սպանում են: Կարծում եմ՝ հետաքրքիր նախագիծ է սպասվում, հրաշալի դերակատարներ են ընտրված: Ինչ վերաբերում է սիթքոմին, ապա սա իմ մեկնարկն է և շատ անհանգիս եմ այդ առումով: Իմ մարմնավորած Վահրամի դերը երկրորդ պլանի, բայց հիմնական դեր է: Հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է: Ոչ մեկից հատուկ ծիծաղ չենք կորզի, սա իրավիճակների կոմեդիա է, ու կարծում եմ՝ կառանձնանա այս դաշտում», -խոստովանեց Արմեն Մարգարյանը: