26/10/2016 17:57
Բիլ Փլիմփթոնը «ՌեԱնիմանիա» 2016-ի պատվավոր հյուրն է լինելու
Բիլ Փլիմփթոնն ԱՄՆ-ի ամենահայտնի, տաղանդավոր և սիրված անկախ անիմատորներից մեկն է։ Կաննի փառատոնի մրցանակակիրը երկու անգամ առաջադրվել է«Օսկարի», իսկ կարիերայի սկզբում նրա նկարազարդումներն ու կոմիքսները տպագրվում էին «The New York Times», «Vogue», «Vanity Fair» և «Rolling Stone» հեղինակավոր ամսագրերում։
80-ականներին ռեժիսոր-անիմատորը նկարում էր ծաղրանկարների շարք՝ MTV հեռուստաընկերության համար, այդկերպ հաղորդելով երաժշտական ալիքին յուրահատուկ, սատիրիկ և մի փոքր սյուրռեալիստական երանգ։
2000-ականներին անիմատորի համար երաժշտական շրջան էր. 2005-ին Փլիմփթոնը ստեղծեց տեսահոլովակ Քանյե Ուեսթի և Ադամ Լեվայնի՝ «Heard 'Em Say» երգի համար, իսկ 2008-ին՝ 80 րոպեանոց ֆիլմ՝ «Հիմարներն ու հրեշտակները», որտեղ օգտագործվել է Թոմ Վեիթսի և Մոբիի երաժշտությունը։
Լայն լսարանին Բիլ Փլիմփթոնը հայտնի է հաչող շան մասին պատմող կարճամետրաժների շարքով՝ «Guard Dog», «Guide Dog», «Hot Dog», «Horn Dog»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում տեղի կունենա 7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը: