26/10/2016 16:19
Խաչատրյանի ստեղծագործությունների` դաշնամուրային տրիոյի համար փոխադրումներն ամփոփվել են նոտաների ժողովածուում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունների` դաշնամուրային տրիոյի համար փոխադրումների նոտաների ժողովածուի շնորհանդեսը:
«Փոխադրումներն արվել են Խաչատրյանի անվան տրիոյի խնդրանքով, մեր կատարմամբ հնչել են աշխարհի տարբեր բեմերում: Համերգներից հետո մեզ միշտ մոտեցել ու խնդրել են նոտաներ տրամադրել: Միտք առաջացավ հրատարակել դրանք: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հրատարակվել է գրքի 300 օրինակ: Այն կբաժանվի երաժշտական հիմնարկներին, ինչպես նաև առկա կլինի վաճառքում: Մենք այն կտարածենք նաև մեր արտասահմանյան համերգների ընթացքում», - նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
Փոխադրումները կատարվել են Ավետիք Պիվազյանի և Ռուբեն Ասատրյանի կողմից: Հեղինակները հարազատ են մնացել բնագրերի խաչատրյանական նրբերանգներին և գեղարվեստական յուրահատկություններին: Գիրքը հրատարակվել է «Կոմիտաս» հրատարակչությունում:
«Փոխադրումներ դաշնամուրային տրիոյի համար» ժողովածուի շնորհանդեսին զուգահեռ՝ նույն օրը` նոյեմբերի 9-ին, Խաչատրյանի տուն-թանգարանի համերգային դահլիճում կբացվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Էլիբեկյանի՝ «Նվիրում Արամ Խաչատրյանին» խորագրով ցուցահանդեսը:
«Ամբողջ սրահը լցված կլինի Խաչատրյանի տարբեր դիմանկարներով: Այս շարքը թանգարանում կցուցադրվի մինչև տարեվերջ: Դրան զուգահեռ` կկազմակերպվի համերգային երեկո, որի ընթացքում կհնչեն ժողովածուում հրատարակված փոխադրումները` Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտների կատարմամբ», - եզրափակեց Արմինե Գրիգորյանը: