27/10/2016 17:07
«Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Երևանի քաղաքապետին ներկայացնելով երկրորդ փուլի աշխատանքների ընթացքը` պատասխանատուները նշել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքն ու որակի ապահովումը:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրի ամբողջական ավարտից հետո շուրջ 20 տարվա պատմություն ունեցող «Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկն ու լիարժեք կներկայացնի քաղաքային այս մշակույթը:
Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում շուրջ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ` «Վերնիսաժում» հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար: