27/10/2016 12:40
Մահացել է հոգեբան, արձակագիր Էլդա Գրինը
88 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը, ով դերասանուհի Աննա Էլբակյանի մայրն է:
Թիֆլիսում ծնված Է. Գրինը 1943թ. ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1947թ.՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: 1955թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում: 1971թ. նրան շնորհվել է դոցենտի, 2003թ.՝ պրոֆեսորի կոչում:
Է.Գրինը հիմնականում զբաղվում էր հոգելեզվաբանության, սոցիալական հոգեբանության և իրավաբանական հոգեբանության հարցերով: Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների:
1947թ. պարգևատրվել է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալով:
1985թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է:
2010թ. լույս է տեսել «Ձեռքերը» ժողովածուն, որում նույնանուն պատմվածքը ներկայացվել է 35 լեզուներով: 2011թ. տպագրել է «Նատյուրմորտ սև ֆոնի վրա» (հայերեն և ռուսերեն) ժողովածուները:
2008թ. արժանացել է Հայաստանի Գրողների միության մեդալի: