27/10/2016 16:42
Հակամարտության կողմերն իրենք պետք է պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն հենց կողմերը:
Մասնավորապես «Մոսկվա-Բաքու» լրատվական գործակալության թղթակիցը Մ. Զախարովայից հետաքրքրվել է, թե ինչպես նա կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ «եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պայմանավորվեն, հնարավոր կլինի դիտարկել Լեռնային Ղարաբաղին կարգվիճակ տրամադրելու հարցը, ընդհուպ մինչև ինքնավար հանրապետություն»:
«Այս նախադասությունում առանցքային է «եթե կողմերը պայմանավորվեն» արտահայտությունը: Կողմերը պետք է պայմանավորվեն», - հայտարարել է Մ. Զախարովան:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփոթել է «անկախ» և «ինքնավար» բառերը։
«Ալիևը չէ, որ պետք է ԼՂ ժողովրդի կարգավիճակը որոշի։ Եթե Ալիևը տեղյակ չէ բանակցային սկզբունքներից, ապա տեղեկացնեմ, որ դրանցից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Այդ մասին նաև իրենց հայտարարություններում ասել են Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Նախիջևանի ինքնավար հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ մեր ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով։ Ադրբեջանը Նախիջանում անգամ խաչքարերի հանդեպ հանդուրժող չէ, ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող է հանդուրժող լինել», - ասել էր Է. Շարմազանովը: