27/10/2016 14:29
Հնչյունային ռեժիսորի մահվան պատճառով Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը չեղարկել է ներկայացումը
Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր նախատեսված «Чудесная Башмачница» ներկայացումը հետաձգվում է: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Մեր հնչյունային ռեժիսոր Աստղիկ Մուշեղյանի ողբերգական մահվան հետ կապված՝ այսօրվա «Чудесная Башмачница» ներկայացումը հետաձգվում է: Գնված տոմսերը գործում են թատրոնի խաղացանկային ներկայացումներից յուրաքանչյուրի համար:
Հոկտեմբերի 28-ից մանուկների և մեծահասակների համար նախատեսված ներկայացումները կշարունակվեն բնականոն հունով»:
Երեկ ուշ երեկոյան Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում հայտնաբերվել էր 65-ամյա Աստղիկ Մուշեղյանի դին: Վերջինս ներկայացումից հետո բարձրացել էր՝ մոտ 8 մ բարձրության վրա տեղադրված «դինամիկներն» անջատելու, սակայն վայր է ընկել և տեղում մահացել:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար: