27/10/2016 12:09
Մահացել է արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանը
Երկարատև ծանր հիվանդությունից հետո 77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի հայ արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ Ռուբեն Հովսեփյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Ռ. Հովսեփյանը ծնվել է մայիսի 5-ին՝ Երևանում, 1962թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1962-64թթ որպես երկրաբան աշխատել է Թուրքմենստանի Կարակումի անապատում: 1965-66թթ եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-69թթ` «Գրական թերթի» շրջիկ թղթակիցը, 1970-74թթ` «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը:
1975-76թթ աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1976-79թթ` «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում:
1980-81թթ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում` որպես գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ: 1981-82թթ եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության (ժամանակակից արձակ և պոեզիա) խմբագրության վարիչը, 1982-87թթ` «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը:
1989թ-ից եղել է «Նորք» հանդեսի խմբագիրը:
1988թ-ից` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ճիչ» ժողովածուն (Երևան, 1975թ.), «Ճայերը» պատմվածքների ժողովածուն (Երևան, 1981թ.):
1983թ. «Սովետական գրող» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել «Ամենատաք երկիրը» խորագրով գիրքը, որն ամփոփում է գրողի լավագույն պատմվածքներն ու «Որդան կարմիր» վիպակը:
1984թ. «Սովետսկի պիսատել» հրատարակչությունը լույս է ընծայել «Կարմիր որդան» ժողովածուն: 1985թ. «Ժամանակակից հայկական պատմվածք» մատենաշարով «Սովետական գրող» հրատարակչությունը լույս է ընծայել «Ապրիլ» ժողովածուն: Նրա սցենարով նկարահանվել է «Հնձան» (1973թ.), «Ամենատաք երկիրը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.) ֆիլմերը:
2000-07թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործչի մահվան կապակցությամբ: