27/10/2016 19:39
Եթե մյուս սերիալները կարող են ինչ-որ կերպ «գլուխ բերել», ապա այս դեպքում դա բացառվում է. Արման Նշանյանը՝ «Հին արքաներ» ֆիլմի մասին (Տեսանյութ)
Հայկական հեռուստատեսությամբ սերիալային դաշտն այսօր ամենահագեցածն է, ինչը հաճախ լուրջ ֆիլմերի սիրահարների մոտ դժգոհության ալիք է բարձրացնում: Հավանաբար, այդ բացը լրացնելու ակնկալիքով է, որ շուտով մեկնարկող կաբելային «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքը ակնդիրներին կներկայացնի «Հին արքաներ» բազմասերիանոց հեռուստաֆիլմը: Ֆիլմում ներկայացված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պատրաստվում էր գահ բարձրանալ Տիգրան Մեծը:
«Նախագծի մտահղացումը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը: Դեռևս 6 տարի առաջ Դավիթ Բաբախանյանն ու Ռուբեն Արամյանն ինձ և հայրիկիս ասացին այս մտահղացման մասին: Բոլորս էլ գիտենք, որ ծախսատար նախագիծ է: Ի վերջո հայտնվեց հովանավոր, որը կարողացավ օգնել: Այս պրոյեկտը չի կարելի սխալ ներկայացնել: Եթե մյուս սերիալները կարող են ինչ-որ կերպ «գլուխ բերել», ապա այս դեպքում դա բացառվում է»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասան Ժան Նշանյանը:
Առաջին իսկ հայացքից բավական լուրջ նախաձեռնություն, որը սկսելուց առաջ ստեղծագործական խումբը խորհրդակցել է նաև պատմաբանների հետ:
«Սցենարի վրա մի քանի հոգի է աշխատում, և՛ նրանք, և՛ դերասաններն անպայման խորհրդակցում են պատմաբանի և հնագետի հետ, հատուկ զգեստներ են կարվում: Ամեն մի փոքրիկ դետալ ուսումնասիրվում, նոր է մտնում նկարահանման հրապարակ: Չեմ հերքի, շատ բարդ աշխատանք է, քանի որ մեծ պատասխանատվություն է ներկայացնում: Մեր պատմությունը շատ հին ու հարուստ է, իրավունք չունենք որևէ սայթաքում թույլ տալ»,-նշեց մեր զրուցակիցը:
Ֆիլմը բաղկացած կլինի 24 մասից, էկրաններին կհայտնվի շաբաթը երկու օր: Հարցին, թե արդյոք 24 մասի ավարտից հետո նոր պատմական ֆիլմ կնկարահանվի, պատասխանեց.
«Կարծում եմ՝ այո: Խոսակցություններ կան, որ հետագայում հայկական պատմության մեկ այլ շրջան կվերցվի: Չէ՞ որ մեր պատմությունը շատ հարուստ է, պետք է աշխարհին ցույց տալ ու նրանում սփռված հայերին հիշեցնել՝ ով ենք եղել»:
Արման Նշանյանը մարմնավորում է բդեշխի ավագ որդուն: Բդեշխի դերում նկարահանվել է դերասանի հայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ժան Նշանյանը:
«Հայրս և Մուրադ Ջանիբեկյանը մարմնավորում են երկու բդեշխների, ովքեր պայքարում են գահի համար. մեկը պայքարում է այն նվաճելու, մյուսը՝ գահի արժանի հետևորդին այն վերադարձնելու համար… Ինձ համար այս դերը շատ կարևոր էր, քանի որ սիրում եմ կերպարանափոխվել դերերիս մեջ: Կարելի է ասել՝ սերիալի բացասական գիծն եմ տանում: Շատ դժվար է, տեսնենք՝ ինչպես կստացվի»,-խոստովանեց Ա. Անշանյանը:
Նկարահանումների հիմնական մասը տեղի է ունեցել Գյումրիում՝ հին Սև ամրոցում: Նախագծի ռեժիսորը Հարություն Շատյանն է: Վերոնշյալ դերասաններից բացի նկարահանվել են նաև Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Լիկա Սալմանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը և այլք:
«Հին արքաները» «Արմենիա Պրեմիումի» եթերում կլինի նոյեմբերի 5-ից: