28/10/2016 19:44
Եղիշե Պետրոսյանը երգ է գրել «Հաց բերող» Արթուրի մասին
Հոկտեմբերի 29-ին Խուլ ու համրերի մշակույթի տանը բարեգործական համերգ է լինելու, որից առաջացած ողջ հասույթը տրամադրվելու է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամին: Համերգը կրելու է խորհրդանշական՝ «Ազատություն» խորագիրը:
Համերգին մասնակցելու են Եղիշե Պետրոսյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ելենա Երևանցին, «Որդան կարմիր» ռոք խումբը, հեղինակ-կատարող Կարեն Մամիկոնյանը, Արսեն Համբարյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, «Խազեր» երգչախումբը, Գրիգոր Մարգարյանը և այլք: Ի դեպ, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը նոր ստեղծագործությամբ է հանդես գալու, որը նվիրված է «Սասնա ծռերին» հաց բերող Արթուր Սարգսյանին:
«Խոսքերը գրել ենք ես և Լևոն Ղարիբյանը, երաժշտության հեղինակը ես եմ, ինքս էլ երգը կատարելու եմ: Հենց այդպես էլ կոչվում է՝ «Հաց բերողը» և նվիրված է Արթուր Սարգսյանին, իմ համոզմամբ, խղճի բանտարկյալին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ե. Պետրոսյանը:
Երգահանը տեղեկացրեց, որ թողարկվել է նաև երգի սինգլը, որի վաճառքի հասույթը նույնպես կտրամադրվի «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամին:
«Այս հիմնադրամը ստեղծվել է քաղաքական և խղճի բանտարկյալների ընտանիքներին հնարավորինս աջակցելու առաքելությամբ ու փորձելու ենք այդ առաքելությունը նպատակին հասցնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը: