28/10/2016 17:50
Մեկնարկեց ՌեԱնիմանիա միջազգային անիմացոն ֆիլմերի փառատոնը
Այսօր ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի կազմակերպիչները՝ հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանում Լեհաստանի դեսպանի՝ Եժի Մարեկ Նովակովսկու տիկինը՝ Յադվիգա Նովակովսկան, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, Եվրիմաժ անիմացիոն մրցանակաբաշխության քարտուղար Ժան-Պոլ Կոման, ամերիկացի հանրահայտ ռեժիսոր, նկարիչ և անիմատոր Բիլ Փլիմփթոնը ներկայացրեցին փառատոնային յոթ օրերի կարևորագույն պրեմիերաները, ծրագրերն ու միջոցառումները:
Այս տարվա բրիտանական ծրագրում ներկայացված է Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններով ոգեշնչված և դրանց հիման վրա ստեղծված տարրատեսակ անիմացիոն ֆիլմեր, իսկ լեհական ծրագրում ներկայացված են կարճամետրաժ լեհական անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 30-ին Հայաստան է ժամանելու նաև լեհ էքսպերիմենտալ ռեժիսոր-անիմատոր Ռոբերտ Սովան:
Ժան-Պոլ Կոման նշեց «Եվրիմաժ» անիմացիոն մրցանակաբաշխության մասին, որն առաջին անգամ տեղի կունենա 2017 թվականին:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցությունն այս տարի ևս մասշտաբային է: Փառատոնի բացման և փակման ֆիլմերը ֆրանսիական համատեղ արտադրության նշանակալի ստեղծագործություններ են: Բացման ֆիլմը՝ «Կարմիր կրիան», այս տարվա Կաննի կինոփառատոնին արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակին: Իսկ փակմանը ներկայացվելու է ռեժիսոր և սցենարիստ, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Ժան Ֆրանսուա Լագիոնիի՝ «Լուիզի ձմեռը», համակարգչային գրաֆիկայի և 2D ավանդական անիմացիայի կանոնները պահպանած ֆիլմը՝ ստեղծված Կանադայի հետ համատեղ:
Փառատոնի այս տարվա հատուկ հյուրը Օսկարի երկակի հավակնորդ, Կաննի կինոփառատոնի դափնեկիր, ռեժիսոր, սցենարիստ, անիմատոր և նկարիչ Բիլ Փլիմփթոնն է: