31/10/2016 14:05
Դերասանուհի Էվելինա Շահիրյանը տոնում է ծննդյան 75-րդ հոբելյանը
Կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը տոնում է ծննդյան 75-րդ հոբելյանը: Նոյեմբերի 3-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում յուրատիպ հանդիպում կկազմակերպվի սիրված դերասանուհու արվեստի երկրպագուների և գործընկերների համար: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց դերասանուհու թոռ, հաղորդավար Արման Մարգարյանը:
Հոբելյանական հանդիպման վայրը պատահական չի ընտրված. 1969 թվականից սկսած՝ Էվելինա Շահիրյանը հավատարմորեն ծառայել և իր գործունեությունը ծավալել է հենց այս թատրոնում:
Հոբելյանական միջոցառումը լավ առիթ կընձեռի բեմից ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու, հիշելու և վերհիշելու փաստեր ու ակնթարթներ դերասանուհու գործունեության վերաբերյալ, որոնք ջերմ են և սիրելի, հին և նոր՝ միաժամանակ: Միջոցառման ընթացքում համերգային կատարումներով ելույթ կունենան Ֆորշը, Հայկոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը և այլ երգիչներ:
Միջոցառումը կվարեն էվելինա Շահիրյանի դուստրն ու թոռը` դերասանուհի Նաիրա Շահիրյանը և հաղորդավար Արման Մարգարյանը: Բեմում միասին կլինեն հոբելյար դերասանուհու բոլոր թոռներն ու ծոռը:
Էվելինա Շահիրյանը մարմնավորել է ավելի քան 60 սիրված դեր ներկայացումներում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում, խաղացել է շուրջ 150 պիեսում, նկարահանվել տասնյակ ֆիլմերում` այդ թվում «Կտոր մը երկինք», «Կարինե», «Մորգանի խնամին», «Սպանված աղավնի», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» և այլն:
2003 թ-ից ՀՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած դերասանուհին նաև «Արտավազդ» մրցանակաբաշխության մրցանակակիր է, «Մովսես Խորենացի», «Հակոբ Մեղապարտ», ՀՀ ԱԺ և Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր: