01/11/2016 13:44
Բելգիան սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սենատի նախագահ
Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի և խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակայնի հանդիպումը, որից հետո նրանք հանդես եկան լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ։
Գալուստ Սահակյանը հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը։
«Հանդիպման ժամանակ մենք անդրադարձել ենք ԼՂ հակամարտության գործընթացին և փաստել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճաապարհով», - ընդգծեց Գալուստ Սահակյանը։
Իր հերթին Քրիստին Դըֆրենյը նշեց, որ իր երկիրը ևս կարևորում է հակամարտության խաղաղ կարգավորումը:
«Մենք նման տիպի հակամարտությունների հանգուցալուծումը տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով։ Միայն այս կերպ այդտեղ ապրող մարդկանց տանջանքներին հնարավոր կլինի վերջ դնել։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը բարդ աշխարհագրական և ռազմավարական իրավիճակում է գտնվում, բայց մեր դռները, Եվրոպայի դռները միշտ բաց են բանակցությունների և ցանկացած ոլորտում աշխատանքի համագործակցության համար։ Բելգիայի Սենատը ջանք չի խնայի աջակցելու Հայաստանին իր որոշումների մեջ», - ասաց նա։