01/11/2016 20:12
Ներկա պահին պատրաստվում ենք այսօրվա թռիչքին. Երեկ ծննդյան 30-ամյակը նշած երգչուհին մեկնում է Ֆրանսիա
Երգչուհի Արևիկ Ալավերդյան-Շահբազյանը երեկ՝ հոկտեմբերի 31-ին, նշեց ծննդյան 30-ամյակը: Վերջին տարիներին Ֆրանսիայում բնակվող երգչուհին ծննդյան օրվա գեղեցիկ ակնթարթները ամուսնու հետ Հայաստանում է անցկացրել, սակայն այսօր զույգը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա:
«Ծննդյանս տարեդարձը նշել ենք ռեստորանային համալիրներից մեկում, ընտանիքիս անդամների և ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Ամեն ինչ անչափ գեղեցիկ էր, շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք: Վաղուց ենք հայրենիքում, ամուսինս էլ եկել էր թե՛ գործնական նպատակով, թե՛ հատուկ ծննդյանս օրը կողքիս լինելու համար: Ներկա պահին պատրաստվում ենք այսօրվա թռիչքին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:
Ի դեպ, երգչուհին իր առաջնեկի լույս աշխարհ գալուն սպասում է մեկ ամսից: Հարցին, թե արդյոք ռիսկային չէ հղիության այս փուլում մեկնելը, պատասխանեց.
«Աստված առաջ՝ իսկապես շուտով փոքրիկս կծնվի: Իհարկե, մտավախություն կար՝ արժե՞ր այսքան երկար մնալ այստեղ, բայց քանի որ խնդիրներ չունենք, որոշեցինք ծննդյանս օրն այստեղ անցկացնել և անմիջապես մեկնել»:
Ապագա մայրիկին ծննդյան օրվա կապակցությամբ առաջինը շնորհավորել է ամուսինը, որին հաջորդել են բազում զանգերն ու բարի խոսքերը:
«Ամուսինս, իրեն բնորոշ կերպով, առաջինն էր: Շատ նվերներ եմ ստացել, որոնց մասին բարձրաձայնել չեմ ցանկանա: Ի վերջո, ամենամեծ նվերը, որին առավել եմ սպասում, փոքրիկս է»,-ժպիտով խոստովանեց նա:
Արդեն իսկ 30-ամյակի շեմը հատած երգչուհուն տարիքը չի վախեցնում, քանի որ հոգով ու մտքով իրեն առավել երիտասարդ է զգում:
«Եվս մեկ տարի մեծանալով՝ երբեք ոչ-մի փոփոխություն չեմ զգացել: Ավելին, այս տարի ինձ առավել հասուն, կանացի ու ինքնավստահ եմ զգում: Ինձ համար կյանքի գեղեցիկ ու կարևոր փուլ է սկսվում, չէ՞ որ պատրաստվում եմ մայրանալ»,-ընդգծեց օրվա հերոսուհին:
Արևիկ Ալավերդյանի այս տարվա բոլոր երազանքները կապված են իր ապագա փոքրիկի հետ: Նույնիսկ հոբելյանական տորթի մոմերը փչելիս երգչուհին նրա մասին է մտածել:
«Ուզում եմ առողջ բալիկ լույս աշխարհ բերել: Բոլոր երազանքներս, նպատակներս կապված են նրա ու իմ ընտանիքի հետ: Ու կարևորը՝ հարազատներս առողջ ու երջանիկ լինեն ու միշտ կողքիս»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արևիկը: