02/11/2016 20:12
Ռուս վերլուծաբանը սեփական արտգործնախարարին ստախո՞ս է համարում
Ադրբեջանական մեդիա և վերլուծական շրջանակները շարունակում են ակտիվորեն տարածել երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն շնորհելու մասին հայտարարությունն՝ այն ներկայացնելով որպես զիջում ու կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից: Այդ նպատակով ակտիվորեն օգտագործվում են նաև արտաքին հնարավոր բոլոր ռեսուրսները: Ասվածի վկայությունն է վերջերս ադրբեջանական APA գործակալության կայքում տեղադրված հարցազրույցը ռուս քաղաքագետ, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Մարկովի հետ: Ի դեպ, վերջինս իր ելույթներում գրեթե միշտ հանդես է գալիս ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցման դիրքերից, իսկ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում պաշտպանում է ադրբեջանական կողմի դիրքորոշումը:
Ներկայացված հարցազրույցի համաձայն՝ խոսելով Ադրբեջանի նախագահի կողմից Ղարաբաղին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն շնորհելու հայտարարության մասին՝ Մարկովը նշել է, որ նման նախաձեռնությունը նորություն չէ, Ադրբեջանը նախկինում ևս կողմ է արտահայտվել ինքնավարություն տրամադրելու հարցին, սակայն այս պահին նման հայտարարությունն ունի «մեկ այլ կարևոր նշանակություն ևս»: Քաղաքագետի կարծիքով՝ նման քայլով Իլհամ Ալիևը փորձ է անում վերականգնել բանակցությունները, որոնք այս պահին սառեցված են, քանի որ Հայաստանն, իբր, «կասեցրել է իր մասնակցությունը բանակցային գործընթացում»: Ըստ քաղաքագետի՝ Ալիևը հանդես է գալիս որպես «բանակցությունների վերականգնման կողմնակից»: Ի դեպ, հարցազրույցի ընթացքում Մարկովը անդրադարձել է նաև կազանյան գործընթացին՝ նշելով, որ վերջին պահին Կազանի փաստաթուղթը չի ստորագրվել, քանի որ «Հայաստանի կառավարությունը վախեցել է ու նահանջել»:
Հարցազրույցում տեղ գտած Մարկովի պնդումները, սակայն, մեղմ ասած, խնդրահարույց են՝ թե՛ իրենց օբյեկտիվության, թե՛ մասնագիտական էթիկայի տեսանկյունից:
Իհարկե, չի կարելի չհամաձայնել Մարկովի հետ, որ Ղարաբաղին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն շնորհելու մասին նախաձեռնությունը նորություն չէ, սակայն կարևոր է հստակեցնել, որ նման նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես են եկել Մինսկի խմբի համանախագահները՝ դեռ 1990-ականներին:
Ինչ վերաբերում է քաղաքագետի մյուս պնդմանը, թե Հայաստանը կասեցրել է մասնակցությունը բանակցություններին, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս դրանք վերականգնելու դիրքերից, ապա պիտի նշենք, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ զուտ կարծիք կամ ենթադրություն, քանի որ ո´չ հակամարտող, ո´չ հակամարտության կարգավորմամբ անմիջականորեն զբաղվող միջնորդների կողմից նման ակնարկներ անգամ չեն եղել: Ավելին, փաստերն ու նախկին փորձն էլ վկայում են ճիշտ հակառակի մասին: Բանակցային գործընթացի տապալման կամ այն այլ հարթակներ տեղափոխելու նախաձեռնությամբ միշտ հանդես է եկել հենց ադրբեջանական կողմը և ամեն անգամ փակուղում հայտնվելով՝ դիմել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը:
Ամենատարօրինակը, սակայն, Մարկովի վերջին պնդումն է: Բանն այն է, որ ռուս քաղաքագետը հայտարարելով, թե Հայաստանն է հրաժարվել Կազանյան փաստաթղթից, փաստացիորեն կասկածի տակ է առնում սեփական երկրի արտգործնախարարի խոսքերը: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո նրա հետ համատեղ մամլո ասուլիս տվեց: Ասուլիսի ընթացքում հարց հնչեց նաև Կազանյան փաստաթղթից Հայաստանի հրաժարվելու լուրերի մասին: Լավրովը առավել քան հստակ պատասխանեց. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»: Ավելին, նույն ասուլիսի ընթացքում շարունակելով Լավրովին՝ հարցին անդրադարձավ նաև Էդվարդ Նալբանդյանը՝ մասնավորեցնելով, որ Կազանյան փաստաթղթից հրաժարվել է Ադրբեջանը: «Նույն հետ քայլը, կամ մերժումն Ադրբեջանը արեց ոչ միայն Կազանում, այլ դրանից առաջ Սոչիում, դրանից առաջ Մոսկվայում, դրանից առաջ Աստրախանում, դրանից առաջ Պետերբուրգում: Այդպես կարող ենք գնալ և հասնել տասը տարի առաջ, երբ Փարիզում էին բանակցություններն ընթանում: Իրականությունը սա է»,- ասաց Է.Նալբանդյանը:
Այս ամենից մի շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչն է դրդել քաղաքագետին սեփական արտգործնախարարին համարելու ստախոս: Կամ միգուցե Մարկովի խոսքերը ադրբեջանական լրատվամիջոցի կողմից որոշակիորեն խեղաթյուրվա՞ծ են ներկայացվել: Ի վերջո գաղտնիք չէ, որ ապատեղեկատվության մշակման ու տարածման հարցում ադրբեջանական մեդիան բացառիկ համբավ ունի:
Ամեն դեպքում, ներկայացված հարցազրույցը և ադրբեջանական մեդիան ողողած մյուս նմանատիպ, գրեթե նույնաբովանդակ նյութերը հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը մտել է մի նոր փուլ, որում ակտիվորեն փորձեր է անում տարածելու բացահայտ ստի ու կեղծիքի ֆոնն արդեն նաև բանակցային գործընթացի առանձին տարրերի վրա: Բնականաբար, նման գործելաոճի որդեգրումն այս պահին չէր կարող ինքնանպատակ ու առանց պատճառի լինել: Չի բացառվում, որ սա Իլհամ Ալիևի՝ ավելի վաղ արված հայտարարության տրամաբանական շարունակությունն ու արդյունքն է: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը խոստովանել էր, որ փակ դռների հետևում իրենց վրա «ճնշում են գործադրում՝ ստիպելու, որպեսզի համաձայնություն տան Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը»:
Ամեն դեպքում, սա լուրջ ահազանգ պետք է լինի միջազգային հանրության և առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների համար: Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը շարունակի իրականությունը խեղաթյուրելու իր քաղաքականությունն՝ անընդհատ նոր ու տարբեր գործիքներ կիրառելով: Ժամանակն է, որ միջնորդներն այս հարցում ավելի վճռական կեցվածք ընդունեն: