02/11/2016 19:56
Իմ աշխատանքային 5 տարիների ընթացքում անհատապես ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել. Անի Ներսիսյան
Մասնագիտությամբ դերասանուհի, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երիտասարդ դասախոս Անի Ներսիսյանը, ով ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի ավագ դուստրն է, երեկ facebook-յան իր էջում բաց նամակով է հանդես եկել՝ ուղղված ՀՀ վարչապետին և ԿԳ նախարարին: Նամակի մեջ մասնավորապես նշվում է, որ երիտասարդ մանկավարժը, 5 տարի դասավանդելով Թատերական ինստիտուտում, դիմում է գրել և ազատվել աշխատանքից: Հիմնական պատճառը մերօրյա մանկավարժի չգնահատված, կամ, ավելի ճիշտ, նվազ գնահատված աշխատանքն է:
Նման դիմումները երբեմն գործատու-աշխատող հարաբերություններում ծագած որոշակի կոնֆլիկների արդյունք են լինում: Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին վստահեցրեց.
«Իմ աշխատանքային 5 տարիների ընթացքում անհատապես ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել: Միակ խնդիրս կապված է կառույցի՝ ինստիտուտի, Կրթության և գիտության նախարարության ու մեր իշխանության հետ, որ այսպիսի ցավալի վիճակում է մանկավարժի վիճակը»:
Մեր զրուցակիցը թեև աշխատավարձի չափը չբարձրաձայնեց, բայց հավատացրեց՝ կարող ենք համոզված լինել, որ ծիծաղելի թվերի մասին է խոսքը:
Հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել՝ նշելով, որ խախտվում են նաև ուսանողների իրավունքները՝ պատասխանեց.
«Ուսանողներն ահռելի գումարներ են վճարում, ու պետք է ստանան գումարին համապատասխան կրթություն, ինչն այսօր չկա: Շատ անիմաստ առարկաներ կան, որոնք, ճիշտ կլինի, որ չլինեն: Շատ քիչ են վարպետության ժամերը… Խնդիրները շատ-շատ են, չեմ ցանկանում այդքանը մանրամասնել, բոլորն էլ այդ մասին գիտեն, ուղղակի, չգիտես ինչու, լռում են»:
Դիտարկմանը, թե այսքան տարի լռելուց հետո ինչո՞ւ հենց այժմ որոշեց բարձրաձայնել, արդյոք նոր վարչապետի նշանակումը սպասելիքներ է ներշնչել, Ա. Ներսիսյանը նկատեց.
«Անընդհատ մտածում էի, որ մի բան կփոխվի, այսպես հնարավոր չէ: 5 տարի դիմացա, բայց համբերությանս բաժակը լցվեց: Իհարկե, հույս կա, որ նոր վարչապետը կփորձի փոփոխություններ անել, գուցե իմ խոսքն էլ տեղ հասնի ու մի բան փոխվի: Անկեղծ ասած, ես սա ոչ թե ինձ համար եմ անում, հատկապես, որ արդեն դուրս եմ եկել ինստիտուտից, այլ բոլոր այն դասախոսների համար, ովքեր այնտեղ աշխատում են»:
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, մեր զրուցակցի խոսքերով, ևս ցավում է, որ երիտասարդ կադրերը ստիպված են հեռանալ ԲՈՒՀ-ից:
«Սակայն այս թեմայով իր հետ ոչինչ չեմ խոսել: Միայն դիմումս ներկայացրել եմ ու ստորագրվել է»:
Ծնողները՝ ՀՀ Վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը նախապես տեղյակ են եղել դստեր որոշման մասին:
«Նրանք միշտ կողքիս են եղել ու ստորագրում են իմ նամակում տեղ գտած ամեն մի բառի տակ», - նշեց նա:
Թե այսուհետ ինչո՞վ կզբաղվի երիտասարդ դերասանուհին և արդեն իսկ նախկին դասախոսը՝ ժամանակը ցույց կտա:
ՀԳ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ նկատեցինք, որ այսօր կայքերից մեկին տված հարցազրույցում Անի Ներսիսյանի մայրը՝ Նելլի Խերանյանը, նշել էր, որ կարծես թե վարչապետի օգնականը արձագանքել է դստեր բաց նամակին:
Aysor.am-ի ճշտող հարցին, թե դա որքանով է համապատախանում իրականությանը, Անի Ներսիսյանը պատասխանեց. «Դրա հետ կապված ոչինչ դեռևս չեմ ցանկանա ասել: Միայն կնշեմ, որ ես նամակն ուղարկել եմ, և վարչապետի երկու օգնականներն ինձ պատասխանել են: Սպասենք մնացյալ արձագանքներին, այնուհետև կխոսենք այս մասին»: