02/11/2016 14:22
Օրենքից դուրս երբեք ու ոչինչ չենք անելու. դերասան Բեն Ավետիսյանը նոր զբաղվածություն ունի
Սերիալներից արդեն իսկ բավական ճանաչված երիտասարդ դերասաններ Բեն Ավետիսյանը և Գարիկ Սաֆարյանը, որոնց վերջին շրջանում հանդիպում ենք «Կենտրոն» հեռուսաընկերության «Երանի» սերիալում՝ Արամի և Ֆելոյի կերպարներում, երեկվանից համալրում են երիտասարդ բիզնեսմենների շարքերը:
Երևանի Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող «Զանգու» ռեստորանային համալիրն այլևս աշխատում է նրանց տնօրինությամբ: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց բաժնետերերից Բեն Ավետիսյանը:
«Երկարաժամկետ պայմանագիր ենք կնքել ու վարձակալել ռեստորանային համալիրը: Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր մարդ, մեր նպատակը ևս գումար աշխատելն է: Երեկ մեր աշխատանքային առաջին օրն էր. արդարացված կամ չարդարացված որոշման մասին խոսելու համար շատ շուտ է: Բայց, կարծում եմ, դժգոհ չենք մնա: Մեր շրջապատը մեծ է, վստահ եմ՝ բոլորն էլ ցանկություն կունենան մեզ մոտ անցկացնելու իրենց տոները: Երկրպագուներն էլ անմասն չեն մնա», - նշեց մեր զրուցակիցը:
Նկատառմանը, որ գուցե շատերը փորձեն առիթից օգտվել և ընկերական, բարեկամական հարաբերություններն ի նպաստ իրենց օգտագործել, փորձելով սեփական միջոցառումներն անվճար անցկացնել, պատասխանեց.
«Բոլորս էլ հասուն մարդիկ ենք ու կարող ենք միմյանց ընդառաջել. եթե մարդը ցանկանում է որևէ միջոցառում անել, բնականաբար, որոշակի գումար է նախատեսում այդ միջոցառումը կազմակերպելու համար: Իհարկե, ոչ թե «ձրի», այլ ավելի մատչելի այդ ամենը կկազմակերպենք՝ լինի հարազատի, ընկերոջ, երկրպագուի, թե ուղղակի ցանկացած դիմողի համար: Անվճար միջոցառում խոստանալը սուտ կլինի, չէ՞ որ ամեն դեպքում գործնական հարաբերությունները պետք չէ խառնել անձնականին»:
Թե որքան գումար է անհրաժեշտ գործարար աշխարհ մտնելու համար և բախվել են արդեն հարկային դաշտի հետ կապված խնդիրների, դերասանն ընդգծեց.
«Նայած, թե ինչ գործ ես ուզում սկսել: Եթե երկու հոգով են, ցանկալի է՝ յուրաքանչյուրը 5-6 հազար դոլար ներդնի: Իսկ հարկային դաշտում դժվարություններ չկան, ամեն ինչ նորմալ է ընթացել: Օրենքի սահմանում ենք գործում ու գործելու, օրենքից դուրս երբեք ու ոչինչ չենք անելու»:
Գործընկերներ Բենին ու Գարիկին կապում է նաև մտերիմությունը: Ի տարբերություն սերիալի՝ իրական կյանքում տղաները մտերիմ ընկերներ են ու միմյանց չվստահելու խնդիր չունեն:
Հարցին, թե արդյոք կողմնակի աշխատանքը չի խանգարում ստեղծագործական գործունեությանը ու հնարավո՞ր է՝ մի օր որոշի հրաժեշտ տալ դերասանի կարիերային և ընդգրկվի գործարարների շարքերում, մեր զրուցակիցն անկեղծորեն պատասխանեց.
«Ինչ-որ չափով խանգարում է, բայց փորձում ենք ամեն ինչ հասցնել: Կարելի է ասել՝ գրեթե չենք քնում: Բայց դե, մեր այն տարիքն է՝ պետք է աշխատենք, որ ինչ-որ մի բան ստեղծենք… Գիտեք, բիզնեսն էլ դերասանի մասնագիտության պես վտանգավոր է: Երբ հաջողություն ես գրանցում, շոշափելի օգուտ ունենում, սիրահարվում ես գործիդ ու փորձում ավելին անել: Բայց ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում ու նման բան ինձ հետ չի լինի: Բիզնեսն իմ մասնագիտությունը չի ու չի էլ դառնա երբեք, սա ուղղակի աշխատանք է, քանի որ դերասանի մասնագիտությամբ հնարավոր չէ ապահովել քեզ ու ընտանիքիդ»:
Բիզնեսն այն ոլորտն է, որտեղ սայթաքելն առավել ցավոտ է: Բ. Ավետիսյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր ոլորտում էլ կարող ես սայթաքել: Պետք է ամեն ռիսկ հաշվարկել ու խելացի գործել:
Երիտասարդ բիզնեսմենները պատրաստվում են համագործակցել էկրանային գործընկերների հետ: Առաջին քայլերն արդեն իսկ արված են:
«Շատերը նոր են իմացել, որ մենք նման գործ ենք սկսել ու մեզ բազում նամակներ են ուղարկել՝ համագործակցության առաջարկով: Ե՛վ երգիչների հետ կաշխատենք, և՛ դերասանների, ովքեր կներկայանան որպես հանդիսավարներ: Պարզապես հիմա ռեստորանի հետ կապված որոշակի շտկման հարցեր կան, մեր ուզած վիճակում չի: Որոշ բաներ կփոխենք ու առավել հյուրընկալ կդառնա»,-նշեց նա:
Բեն Ավետիսյանի ցանկությունն է օրերից մի օր սեփական ռեստորան ունենալ:
«Ամեն ինչ հնարավոր է, Աստված տա՝ ամեն ինչ լավ լինի, մի օր իմ ռեստորանը կգնեմ: Թեկուզ, կապ չունի՝ ինչ կառույց կլինի, կարևորն՝ իմ սեփականը լինի, և ոչ թե վարձակալեմ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08