03/11/2016 13:20
Չէի համաձայնի, եթե վստահ չլինեի. Արթուր Պետրոսյանը պաշտոնապես ներկայացվեց որպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ
Արթուր Պետրոսյանն այսօր պաշտոնապես ներկայացվեց որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մազիչ:
Ֆուտբոլի ակադեմիայում լրագրողներին նորանշանակ մարզչին ներկայացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել բոլորիս համար սիրելի Արթուր Պետրոսյանը: Ցանկանանք նրան բեղմնավոր աշխատանք ու հաջողություններ», - նշեց Ռ. Հայրապետյանը:
Արթուր Պետրոսյան վստահություն հայտնեց, որ հավաքականը կարող է հաջողություններ գրանցել:
«Ես վստահ եմ, որ հավաքականում մենք կարող ենք հաջողություն ունենալ, մի բան փոխել: Չէի համաձայնի գլխավորել թիմը, եթե վստահ չլինեի: Ես տանը պարապ նստած չէի, ունեի 4 տարվա պայմանագիր: Միայն հավատն է ինձ բերել հավաքական: Վստահ եմ, որ հաջողությունը մեզ կժպտա: Առաջիկա խաղին ամեն ինչ անելու ենք, որ հաջողություն ունենանք: Հավաքականում նախ պետք է փոխվի հոգեբանությունը», - ասաց Արթուր Պետրոսյանը:
Նա նշեց, որ ներկայացրել է հավաքական հրավիրված խաղացողների ցուցակը:
«Բոլոր ֆուտբոլիստների ընտրությունը ես եմ կատարել՝ իմ մարզչական շտաբի հետ», - ասաց նորանշանակ մարզիչը:
Ա.Պետրոսյանն ասաց նաև, որ հետևել է Հայաստանի հավաքականի վերջին խաղերին:
«Թիմի 50 տոկոսը լինելու է լեգեոնական, 50 տոկոսը՝ տեղի ֆուտբոլիստներ: Նոյեմբերի 11-ի խաղից հետո ավելի հստակ կլինի՝ ինչ քաղաքականությամբ ենք աշխատելու», - հավելեց Ա.Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը կնքել է 2 տարվա պայմանագիր: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նա նորամուտը կնշի նոյեմբերի 11-ին՝ Երևանում կայանալիք Չեռնոգորիայի դեմ ԱԱ 2018-ի ընտրական խաղում: