04/11/2016 10:25
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ վերադարձավ
Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Ֆեներբախչեին»։
Ստամբուլի «Ուլկեր - Շյուկրյու Սարաջողլու» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն երկրորդ րոպեին Մուսա Սոուն հիանալի հարվածով գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը։ Բաց թողած գոլից հետո «կարմիր սատանաներն» ավելի շատ տիրեցին գնդակին, սակայն դա չօգնեց Վոլկան Դեմիրելի պաշտպանած դարպասի մոտ լուրջ վտանգ ստեղծել։
Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսի մեկնարկում «Մանչեսթեր Յունայթեդը» ևս մեկ գոլ բաց թողեց․ 59-րդ րոպեին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Ջերմեյն Լենսը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 89-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ուեյն Ռունին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատև բացակայությունից հետո ընդգրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։
Հայաստանի հավաքականի ավագը խաղը սկսեց պահեստայինների նստարանին և 61-րդ րոպեին փոխարինեց Մարկուս Ռաշֆորդին։
Այս տուրից հետո «Ֆեներբախչեն» ունի 7 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 6: