04/11/2016 11:53
Նալբանդյանը Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականին է ներկայացրել ջանքերն՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպում Է ունեցել Գերմանիայի կանցլերի Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նալբանդյանը և Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականը մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց է ծավալվել միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:
Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հետ կապված հարցերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։