04/11/2016 15:06
Հոսքային դասարանների ուժեղացումը կբարձրացնի ավագ դպրոցի հանդեպ վստահությունը. Լևոն Մկրտչյան
Ավագ դպրոցի նկատմամբ վստահության բարձրացման համար անհրաժեշտ է հոսքային դասարանների ուժեղացում, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2017 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ։
«Ի՞նչ է այսօր տեղի ունենում։ Ուսուցիչ-ծնող ավանդական դաշինքը 12-րդ դասարանում խաթարվում է։ Ծնողը չի վստահում 12-րդ դասարանի ծրագրին և այլընտրանքային ուսուցման ձև է ընտրում։ Այն նույն ծնողը, որ մյուս դասարաններում ստիպում է երեխային գնա դպրոց, փորձում է խուսափել։ Ուրեմն մենք պարտավոր ենք ծրագիրը համապատասխանեցնել ձևաչափին», - ասաց նախարար:
Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը ավագ դպրոցների նկատմամբ։
Միջին մասնագիտական կրթական ծրագրին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ այն պետք է պայմանավորված լինի աշխատաշուկայի պահանջով։
«Պետք է փորձենք արմատապես փոխել բժշկական, գյուղատնտեսության, մանկավարժական կրթական քոլեջների համակարգը», - ասաց Լ.Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության բնագավառում նախատեսվող փոփոխություններին, Լ.Մկրտչյանը նշեց, որ բյուջեն հնարավորություն է տալիս ապահովել երկու խնդրի լուծում՝ ցանցային կրթություն և համալսարանական լուրջ բարեփոխումներ՝ մասնավորապես, պատշաճ կարգով անցում կատարել կրեդիտային համակարգի։