04/11/2016 17:28
Ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձը կվերանայվի․ ԿԳ նախարար
Ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձը կվերանայվի, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Մարտական հերթապահություն անցկացրած երիտասարդները ստանում են բուհերում 30 տոկոս զեղչ, ապրիլյան պատերազմին մասնակցածները՝ առնվազն 50 տոկոս։ Այստեղ հարցադրումը հետևյալն է, թե ինչպե՞ս պետք է ֆիքսել, որ այդ անհատն ապրիլյան կռիվներին մասնակցել է: Այստեղ կա ավելի մեծ հիմնահարց, ի վերջո՝ այսօր էլ սահմանի վրա երեխաների մի զգալի հատվածը մարտական հերթափոխ է իրականացնում։ Մենք երևի կարիք ունենք ընդհանրապես հասկանանալու, թե մարտական հերթափոխ իրականացրած երիտասարդներին ինչով կարող ենք օժանդակել»,-ընդգծեց նախարարը:
Նա նշեց, որ ճշտելու համար, թե իրականում ովքեր են մասնակցել ապրիլյան պատերազմին, պետք է համապատասպան զորամասերից տեղեկանք ստանալ։
«Սա լավ գաղափար է, պարզապես դա պետք է չբերի չարաշահումների։ Ցավոք սրտի, կան շերտեր, որոնք փորձում են չարաշահել այս հանգամանքը»,-ասաց նախարարը: