04/11/2016 19:51
Ճիշտ չի լինի ասել, որ տարիքս չեմ գիտակցում. Էվելինա Շահիրյան
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 3-ին կայացավ սիրված դերասանուհի Էվելինա Շահիրյանի հոբելյանական երեկոն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մշակութային-հասարակական գործիչներ, դերասանուհու արվեստի երկրպագուներ և գործընկերներ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ ինքն ընտրել է ռեժիսորի մասնագիտությունը, որպեսզի կարողանա իր երազած, սիրելի դերասանուհուն նկարահանել իր ֆիլմերում։
«Ցավոք, չստացվեց, բայց ուրախ ու հպարտ եմ, որ կարող եմ համարվել նրա գործընկերը, քանի որ Էվելինա Շահիրյանը սկսել է հեռուստատեսությունից։ Այնպես որ, կոլեգա, շնորհավորում եմ»,-նշեց Արմեն Ամիրյանն ու նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալը հանձնեց դերասանուհուն:
«Հայտնի ճշմարտություն է, որ կան մարդիկ, որոնց հանդեպ ժամանակն անզոր է։ Այս դեպքում մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ինքն է ստեղծում ժամանակ ու ժամանակաշրջան, այդ ժամանակաշրջանում ստեղծում մարդկային երևակայություն»,-ընդգծեց նախարարը:
Էվելինա Շահիրյանն արժանացավ նաև Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալին:
Հոբելյարի խոսքով՝ այն դերերը, որոնք իրեն տրվել են, բոլորն էլ հաճույքով է խաղացել:
«Արտիստի համար ամենակարևորն այն է, որ պահանջված լինի բոլոր տարիներին, և ես դրա պակասը չեմ զգացել: 75 տարիները ինձ և՛ ուրախացնում, և՛ տխրեցնում են: Այդ տարիները եղել են երջանիկ տարիներ, չնայած որ ունեցել եմ նաև տխրելու առիթներ: 75-ը այն թիվն է, երբ դու հասկանում ես, որ շատ կեսն անցել է, մնացել է արդեն քիչ կեսը: Եվ այդ փաստը տխրեցնում է»,-խոստովանեց Էվելինա Շահիրյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ տարիներն իր կողքով են անցնում, հոբելյարը նշեց.
«Ճիշտ չի լինի ասել, որ տարիքս չեմ գիտակցում: Լինում են պահեր, երբ ֆիզիկապես զգում ես, որ ինչ-որ բաներ արդեն այն չեն, սակայն հոգին է, որ տարիք չունի ու չի ծերանում: Իսկ թե ո՞րն է պատճառը , ես չգիտեմ»:
Միջոցառման ընթացքում համերգային կատարումներով ելույթ ունեցան Ֆորշը, Հայկոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը և այլ երգիչներ: Հոբելյանական միջոցառումը վարեցին էվելինա Շահիրյանի դուստրն ու թոռը` դերասանուհի Նաիրա Շահիրյանը և հաղորդավար Արման Մարգարյանը:
Բեմում միասին էին հոբելյար դերասանուհու բոլոր թոռներն ու միակ ծոռը, ովքեր փորձում էին հասկանալ, թե ում է ամենից շատ սիրում տատիկը:
Էվելինա Շահիրյանը մարմնավորել է ավելի քան 60 սիրված դեր ներկայացումներում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում խաղացել է շուրջ 150 պիեսներում, նկարահանվել է տասնյակ ֆիլմերում` այդ թվում «Կտոր մը երկինք», «Կարինե», «Մորգանի խնամին», «Սպանված աղավնի», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» և այլն:
Էվելինա Շահիրյանը 2003 թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, «Արտավազդ» մրցանակակիր է, «Մովսես Խորենացի», «Հակոբ Մեղապարտ», ՀՀ ԱԺ 7 Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր: