04/11/2016 18:36
Իմ բոլոր աներներին կյանքում 3 անգամ եմ տեսել, էդ «հավին» որտե՞ղ պետք է տեսած ու ճանաչած լինեի, որ խփեի. Պոնչո
Օրերս տեղեկացանք, որ դերասան Վահագն Սիմոնյանի նկատմամբ, ով հանրությանը ծանոթ է «Պոնչո» կեղծանվամբ, մեղադրանք է առաջադրվել: Վերջինս մեղադրվում է նախորդ տարվա օգոստոսի 24-ի երեկոյան՝ ժամը 20:20-ի սահմաններում, Տիգրան Մեծի շենքերից մեկի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի համար:
Մեղադրական եզրակացության մեջ, որը ներկայացված է Aravot.am կայքում, մասնավորապես, նշվում է.
«Չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի գերազանցելիությունն ու կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ Վահագն Սիմոնյանը վիճաբանել է նույն շենքի բնակիչ, գործով տուժող Ռուբեն Գալստյանի հետ։ Այդ ընթացքում Վ. Սիմոնյանն ուղղակի դիտավորությամբ, հասարակական կարգը կոպիտ խախտելով և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ.Գալստյանի հասցեին և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է՝ էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է Ռ.Գալստյանին, գետնից քար վերցնելով հարվածել է նրա գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանի քերծվածքների ձևով պատճառել առողջության թեթև հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ապա Վ. Սիմոնյանը հեռացել է դեպի Քրիստափորի փողոց և կանգնեցնելով տաքսի ավտոմեքենա, նստել ու գանգահարել է ոստիկանություն։ Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները, որոնց ներկայությամբ Վ. Սիմոնյանը նորից սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ Ռ.Գալստյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո նրանց տեղափոխել են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին»:
Aysor.am-ի հետ զրույցում ճանաչված դերասանը վստահեցրեց.
«Այո, ինձ մեղադրում են խուլիգանության մեջ, բայց ես պետք է ասեմ՝ այդ ամենը ծայրից ծայր սուտ է, ամբողջությամբ շաղախված է զրպարտությամբ, իմ գլխին ուղղակի սարքում են: Ես իմ կյանքում այդպիսի օր չեմ հիշում, միայն իրենց պատմելով գիտեմ: Էս պատմության անունը գիտե՞ք ինչ է՝ «էն Համոն թաքուն մածունը կերավ, գնաց տատի մոտ՝ ինձ վրա դրավ» »:
Մեղադրյալ-հումորիստի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցն իր բնակարան եկել ու իրեն բերման է ենթարկել նշված դեպքից 4 ամիս անց՝ դեկտեմբեր ամսին՝ պատճառաբանելով, թե իրեն չեն գտել և հետախուզման մեջ է եղել:
«Իրեն ասացի՝ իմ նման տղուն գտնելը վայրկյանների հարց է: Որ թաղում գոռաս Վահագն Սիմոնյան, տեղս կիմանան: Այդ ո՞նց եղավ՝ 4 ամիս «ռոզիսկի» տակ եմ եղել ու չեք կարողացել ինձ գտնել… Սկզբում մտածեցի՝ կարո՞ղ է աներս է իրար խառնել, քանի որ կնոջս հետ մի քիչ ընդհարված էինք: Էն էլ պարզվեց՝ սուտ ու մտացածին պատմություն է»,- ասաց նա:
Կատակերգական ժանրի դերասանին այս դատական նիստը ֆիլմի սցենար է հիշեցնում:
«Հավատացեք, այնպիսի կոմեդիա չեք տեսել կյանքում, ինչպիսին այս դատական նիստն էր: Ոստիկանն իր վկայության մեջ նշում է՝ օգոստոսի 24-ին, երեկոյան ժամը 20:00-20:20-ի սահմանն էր, մութ գիշեր էր… Անգամ դատավորն էր զարմացել, հարցնում էր՝ այդ ինչպե՞ս է, որ օգոստոսին այդ ժամին մութ գիշեր էր, չէ՞ որ այդ ամսին մութը ուշ է ընկնում: Պարզվեց, սա մեքենաների վառած «ֆառերից» է գլխի ընկել… Էտ տուժած կոչված «հաստավիզ հավին» (խոսքը տուժողի որդու մասին է հեղ.) էլ ասում են՝ մայրդ ո՞ւր է, ասում է՝ գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի եզրին: Իրեն էլ ասացին՝ մայրդ մի կանգառ այն կողմ է ապրում, չէր կարողանում գալ, ասում էիք ոտքերը ցավում են, բա ո՞նց հասավ առաջին գիծ, ինչո՞ւ: Պարզվեց, տղան մոր համարը չունի, որ իմանա ինչու… Մի խոսքով, իսկական կատակերգական կինո»,-նշեց մեր զրուցակիցը:
Դերասանը նոր է տեղեկացել՝ իր դեմ բողոք ներկայացնողը աներոջ հարևանն է: Ենթադրյալ դեպքն էլ տեղի է ունեցել աներոջ բակում:
«Իրեն էլ, իր տղային էլ հարցնում եմ՝ տղա ջան, դու ինձ ճանաչո՞ւմ ես, երբևէ տեսե՞լ ես, ասում է հա, հեռուստացույցով այնքա՜ն եմ տեսել: Հա բայց ինձ հեռուստացույցով շատ մարդ է տեսնում, հետո՞ ինչ… Ասում է՝ ոստիկանին էիր խփում: Պատկերացնո՞ւմ եք, ես ոստիկանի խփեմ (ծիծաղում է): Ես իմ զոքանչին անուն-հայրանունով եմ դիմում, այ էդպես կուլտուրական տղա եմ: Իմ բոլոր աներներին կյանքում 3 անգամ եմ տեսել, էս «հավին» որտե՞ղ պետք է տեսած ու ճանաչած լինեի, որ խփեի»,-զարմանք հայտնեց դերասանը:
Վ. Սիմոնյանը վստահ է՝ ամեն ինչ կբացահայտվի ու մեղավորը կպատժվի, ինքն էլ պարզ ճակատով մարդկանց կներկայանա:
«Դատավորի հարցին, թե համամի՞տ եմ այս մեղադրանքի հետ, հենց դատարանում ասել եմ՝ ոչ: Եթե սա իրականությանը համապատասխան է, համաձայն եմ, կարող եք ինձ Հրապարակում, բոլորի աչքի առջև կախել: Սա ինձ բոլորովին սազական չի, իմ բնավորությանը մոտ չի: Ես աշխարհի ամենաբարի մարդկանցից մեկն եմ, ինչպե՞ս կարող էի մեկն ու մեկին հարվածել: Մի երկու տարուց 60 տարեկան կդառնամ, ապրում եմ իմ մշեցի անցավորների պատվիրանով՝ լինել շնորքով: Ամեն մի բառիս, արարքիս համար պատասխանատու մարդ եմ»,-ընդգծեց Վահագն Սիմոնյանը:
Հարցին, որ գուցե ալկոհո՞լն է ստիպել նման կերպ վարվել՝ պատասխանեց.
«Հավատացեք, եթե ես դրան խփած լինեի, դրա ատամներն ու ողնաշարը կլցվեր շորերի մեջ, սաղ չէր մնա: Նա իմ «ուդառին» դեռ ծանոթ չի: Երևի սրանք մի բան սարքել, ու հիմա չեն կարում տակից դուրս գան: Այնպես որ ես նորից բարձրաձայն ասում եմ՝ սա սուտ զրպարտանք է»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: