05/11/2016 17:52
«KINGS ON ICE PRESENT - FASHION ON ICE» սառույցի վրա ցուցադրվող ներկայացումը յուրօրինակ ձևաչափ կունենա
Նոյեմբերի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոու-ծրագիրը:
«FORPOSTART Production»-ի նախաձեռնությամբ`պարարվեստի մասնագետները, ռեժիսորները, սցենարիստները, ձևավորողները, գեղանկարիչներն ու համաշխարհային գեղասահքի աստղերը` Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ, կներկայացնեն յուրահատուկ ձևաչափ ունեցող երեկո. կցուցադրվեն նաև հայկական նորաձևության տների տաղանդավոր մոդելավորողների 2017 թվականի հավաքածուները:
Միջոցառմանը հանդես կգան ռուսական էստրադայի հայտնի երգիչները, երաժիշտները, պարային խմբերը, կրկեսի և օրիգինալ ժանրի ներկայացուցիչները, գեղասահքի աստղերը: Նրանց թվում են ջազի թագուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը:
Սառույցի վրա ցուցադրվող ներկայացումը բաղկացած կլինի պարային, գործիքային երաժշտության, վոկալ, էստրադային-կրկեսային, հետաքրքիր տեսաշարի, նորաձևության ցուցադրության համարներից: Բեմականացված և արտասովոր կատարումներով հանդես կգան ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի և Հայաստանի համաշխարհային մակարդակի գեղասահորդները, իսկ, որպես գլխավոր մենակատարներ, ելույթ կունենան Եվգենի Պլյուշչենկոն և Ադելինա Սոտնիկովան:
«KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոուի վերջում Մարիամ Մերաբովայի կատարմամբ «Ветер перемен» երգի ներքո բեմ դուրս կգան ոչ միայն շոուի բոլոր մասնակից արտիստները, այլև նրանց սպասարկող աշխատակիցները:
Հիշեցնենք, որ «FORPOSTART Production»-ը 2016 թվականի մարտի 5-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ կազմակերպել էր «Սառույցի արքաները» շոուն:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08