05/11/2016 14:19
ԼՂՀ վարչապետը Կարեն Կարապետյանին է ներկայացրել ներդրումային և գյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության տրամաբանությունը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները:
Արայիկ Հարությունյանը հաջողություններ է մաղթել Կարեն Կարապետյանին՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Արցախի Հանրապետության վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք, և տնտեսության զարգացման մեր պատկերացումները նույնն են: Ուստի, ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման և քննարկման ժամանակ, ինչպես նաև հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու գործում», - ասել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպմանն Արցախի էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015 թթ. ընթացքում տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով տարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին և խնդիրներին:
Կ. Կարապետյանը, տպավորիչ և օրինակելի համարելով ներկայացված մակրոցուցանիշները, ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքների մշակման անհրաժեշտության վրա:
Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործառույթներն ու ցուցանիշները:
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ներդրումային և գյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնական տրամաբանությունը:
Նա ընդգծել է, որ նշված հիմնադրամները բազմակողմանի աջակցություն են տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին՝ նպատակ ունենալով թե՛ խթանել տնտեսական ակտիվությունը, թե՛ ավելացնել բնակչության եկամուտները և թե՛ աջակցել խնդիրներ ունեցող ձեռնարկություններին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել երկու հիմնադրամների դերակատարումը վերջին տարիներին Արցախի տնտեսական բարձր և կայուն աճի ապահովման գործում: Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ԱՀ կառավարության կուտակած փորձով կիսվել ՀՀ գործընկերների հետ:
Կ. Կարապետյանն իր դրական տպավորությունն է արտահայտել հիմնադրամների գործունեության ու կիրառվող գործիքակազմի վերաբերյալ և հանձնարարել ՀՀ համապատասխան պաշտոնյաներին՝ փորձի փոխանակման միջոցով քայլեր ձեռնարկել ՀՀ-ում ևս նմանատիպ կառույցներ հիմնելու և գործունեություն ծավալելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում կողմերն առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին երկու կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ, առանձին խորհրդակցություն է տեղի ունեցել էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ: