05/11/2016 13:09
Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՀԿ Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը և կանայք» թեմայով համաժողովի մասնակցիներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀԿ Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը և կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին:
«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում այս կարևոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ:
Մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայ կինը միշտ եղել է հարազատ օջախի և ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևորագույն գրավականը: Անհնարին է պատկերացնել ժողովրդի հարատևումը, մեր հաղթանակները, սեփական ուժերի նկատմամբ հավատքն ու լավատեսությունն առանց այս արժեքների:
Այսօր էլ հայ կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական-քաղաքական կյանքում, շոշափելի դերակատարություն ունեն պետականաշինության, հայրենիքի պաշտպանության, կրթության, դաստիարակության և պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Դա մեծ ձեռքբերում է, որը նաև պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու անհրաժեշտ պայման է:
Քաղաքական և հասարակական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում ՀՀԿ Կանանց խորհուրդը, և այս միջոցառման անցկացումը դրա վառ ապացույցներից է: Համաժողովի ժամանակ քննարկվելիք թեմաները կարևոր են ու հրատապ, և ողջունելի է, որ ձեր աշխատանքներին մասնակցում են նաև Արցախի քաղաքական և հասարակական դաշտը ներկայացնող կանայք: Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, հաջողություններ կյանքում և ձեր գործունեության մեջ»,-ասված է ուղերձում: