07/11/2016 14:06
Արտահայտությունը վերաբերում է արտագաղթին, ոչ թե՝ մտքի դատարկությանը. Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուսի» շուրջ ծագած բողոքի մասին
Հումորը որքան էլ թեթև ժանր է համարվում, այնուամենայնիվ, բավական նուրբ ու պատասխանատու երանգներ ունի: Երբեմն անմեղ մտքով արված կատակը կարող է սարկազմի տպավորություն գործել, հատկապես, երբ անհատական հասցեատեր ունի:
«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվոր «Ֆուլ հաուս» սիթքոմը թեև հեռուստադիտողի ամենասիրելի ժամանցային հաղորդումների ցանկում է, սակայն պատահում է, որ այդ նույն հեռուստադիտողին զայրացնում ու բարկացնում է:
Երկու օր առաջ էլ Facebook-յան օգտատերերից մեկն, անդրադառնալով սիթքոմի 5-րդ եթերաշրջանի 9-րդ մասի 00:20 րոպեում Լիկային մարմնավորող Արփի Գաբրիելյանի արտահայտությանը, իր էջում սեփական բողոքն էր արտահայտել՝ ընդգծելով, որ հեռուստասերիալն արդեն որերորդ անգամն է՝ իրեն թույլ է տալիս վիրավորել գյուղում ապրող բնակչությանը:
Aysor.am-ը կապ հաստատեց «Ֆուլ հաուսի» դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ, ով հեռուստադիտողին հորդորեց չմոռանալ նախ այն, որ սա հումորային նախագիծ է ու պետք չէ այն դիտել որպես լուրջ սերիալ:
«Եվ հետո, այդ արտահայտությունը՝ «քո գլուխը կհամեմատեմ Սիսիանի հեռավոր գյուղերից մեկի դպրոցի հետ, որը դատարկ է», վերաբերում է արտագաղթին, մարդկանց, աշակերտների թվին, ոչ թե խելքին, մտքի դատարկությանը: Սա պետք է բառացի հասկանալ, շատ պարզ է ասված՝ գլուխն այնքան դատարկ է, որքան հեռավոր դպրոցը, որտեղ աշակերտներ գրեթե չկան: Մեր հումորների տակ միշտ էլ թաքնված հաղորդագրություններ կան, այս անգամ էլ դա վերաբերում է արտագաղթին: Հո չե՞նք կարող ամեն հումոր անելուց տակը տիտրերով բացատրել, թե ինչ ենք ասում, եթե ուշադիր լինեն ու վայրկենական «չտաքանան», իրենք էլ կհասկանան ասելիքը: Մի քիչ ժպիտով է պետք ապրել: Օրինակ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գոնե 30 րոպեով մեր հեռուստադիտողի տրամադրությունը բաձրացնենք: Շատ հումորներ հենց մեզ վրա ենք գրում: Հիմա ինչ, մենք մեզանից նեղանա՞նք»,-մանրամասնեց Գրիգոր Դանիելյանը: