07/11/2016 15:42
Հրաչյա Ռոստոմյանն առաջնորդվում է «Պայքարել և փնտրել, գտնել և չհանձնվել» նշանաբանով և նախընտրում է տպագիր գրքեր
Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը նախաձեռնել է ընթերցանությանը նվիրված շարք: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:
Aysor.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
- Ձեր սիրած գիրքը:
- Իմ սիրած գիրքը Վենիամին Կավերինի «Երկու կապիտան» գիրքն է, որն ունեցել շուրջ 100 վերահրատարակություն: Ինձ անչափ գրավել է գլխավոր հերոսի՝ Ալեքսանդր Գրիգորևի արդարամտությունը, ազնվությունը, համառությունը:
- Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որ փոխել է Ձեր ներաշխարհը:
- Բնականաբար, դա իմ սիրելի հերոսն է, ում մասին արդեն ասացի: Փորձել եմ առաջնորդվել այդ գրքում բերված նշանաբանով՝ «Պայքարել և փնտրել, գտնել և չհանձնվել», ինչպես բնագրում է գրված՝ «Бороться и искать, найти и не сдаваться»:
- Ի՞նչ գրքային կերպար եք նախընտրում՝ դրակա՞ն, թե՞ բացասական:
- Նախընտրում եմ դրական կերպարներ, որոնց օրինակով կարելի է ոգեշնչվել, որոնցից կարելի է սովորել և որոնց ձգտում ենք նմանվել:
- Ձեր կարդացած վերջին գիքը:
- Ես հիմա էլ շարունակում եմ կարդալ: Հիմա իմ սեղանին բասկետբոլի տեսության և սպորտային հոգեբանության վերաբերյալ գրքերն են:
- Նախընտրում եք տպագի՞ր գիրք, թե՞ էլեկտրոնային:
- Միանշանակ՝ տպագիր:
- Ըստ ձեզ, ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյո՞ք գիրքը կորցնում է իր նախկին արժեքը:
- Ես չէի ասի, որ քիչ են կարդում: Դուք եղե՞լ եք գրատներում: Դրանք լի են ընթերցասերներով և դա ուրախացնում է: Ինչպես հիմա, հուսով եմ նաև ապագայում, գիրք կարդալու մշակույթը չի վերանա:
- Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ հայ հասարակությանը:
- Ինչ կարդալ՝ չեմ կարող ասել, քանի որ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի իր նախասիրություններով: Սակայն, խորհուրդ կտամ ակտիվորեն ծանոթանալ նոր հրատարակվող գրքերին և երբեք չդադարել կարդալ: