08/11/2016 15:18
Նալբանդյանը չի հաստատում, բայց չի էլ բացառում Մամեդյարովի հետ հանդիպումը Համբուրգում
ԵԱՀԿ Մինսկի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին հայտարարություն չեն արել, դա արել է եռանախագահներից մեկը (ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք - Aysor.am), Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այն էլ հայտարարություն չի արել, հույս է հայտնել, որ այդպիսի հանդիպում կարող է կայանալ», - նշեց նա:
«Իհարկե, այդ հույսին ի պատասխան Ադրբեջանից հնչեց հայտարարություն, որ պատրաստ են մասնակցելու, բայց Ադբերջանից հնչող հայտարարությունները տարբեր հակասություններ են պարունակում», - նշեց Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ մի կողմից Ադրբեջանն ասում է, որ պատրաստ են մասնակցել հանդիպումներին, որոնք նախաձեռնվում են եռանախագահների կոմից, բայց մյուս կողմից հայտարարություններ են անում, որոնք հակադրվում են եռանախագահների մոտեցումներին:
«Առավելապաշտական մոտեցումներ են անում ու հայտարարում են, որ միջազգային միայն մեկ սկզբունքի վրա կարող է լուծումը գտնվել», - ասաց ՀՀ արտգործնախարրաը:
Նա հիշեցրեց, որ եռանախագահները բազմիցս ասել են, որ Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք ցանկանում է, որ եռանախագահող ձևաչափում շարունակի բանակցությունները:
«Որովհետև մի կողմից ասում է, որ պատրաստ է մասնակցել հանդիպումներին, բայց մյուս կողմից դուրս է գալիս առաջարկներին դեմ և այն հիմքին դեմ, որն առաջարկում է ԼՂ հիմնախնդրի կարգավորում», - ասաց Է.Նալբանդյանը:
Նրա կարծիքով՝ սոսկ այդ հանդիպումներին մասնակցությունը դառնում է իմիտացիա Ադրբեջանի կողմից: «Որովհետև դրա ապացույցներից մեկն էլ իրենց մասնակցությունն էր Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանձնաժողովներին: Մասնակցեցին, բայց ի՞նչ դա տվեց: Մինչ այսօր նրանք հրաժարվում են իրականացնել պայմանավորածությունները», - շեշտեց Է.Նալբանդյանը:
Նա շեշտեց՝ Ղարաբաղի հարցով Համբուրգում հանդիպման ֆորմատը դեռ հստակեցված չէ: «Կտեսնենք, ինչպես կլինեն առաջարկները համանախագահների կողմից այսպիսի հանդիպումներ կազմակերպելու, բայց մեկ բան, վստահ եմ, որ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են», - հավելեց նա: