08/11/2016 15:40
Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Շահբազ Սոլբիին: Այս մասին տեղեկացնումէ ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ զարգացող բազմակողմ հարաբերությունները և նշել, որ թեև բարեկամական, մշակութային և հոգևոր կապերը դարերի պատմություն ունեն, այնուամենայնիվ կա մեծ ներուժ՝ առավել զարգացնելու և սերտացնելու փոխշահավետ հարաբերությունները տարբեր մակարդակներում, իրականացնելու բազմաթիվ ծրագրեր, որոնց կյանքի կոչման հարցում նշանակալի դերակատարություն կարող են ունենալ խորհրդարանական բարեկամական խմբերը:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ի տարբերություն Թուրքիայի: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է՝ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը վերահաստատում է, որ Ադրբեջանի կողմից հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են:
ԻԻՀ փոխդեսպան Շահբազ Սոլբին նույնպես կարևորել հայ-իրանական կապերի սերտացումը՝ նշելով, որ առավել մեծ ներուժ կա զարգացնելու քաղաքական և տնտեսական կապերը, զբոսաշրջությունը, բեռնափոխադրումների ոլորտը, որի համար նպաստաբեր նշանակություն ունի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: