08/11/2016 16:39
ՊԲ-ն զորավարժություն է անցկացնում. Բակո Սահակյանը բավարար է գնահատել ընթացքն ու արդյունքները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանրապետության կենտրոնական հատվածում դիտել է պաշտպանության բանակի զորավարժությունները:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը բավարար է գնահատել զորավարժությունների ընթացքն ու արդյունքները:
Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանության բանակը մեր անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումն է, մեր երկրի անկախության, ինքնիշխանության, ժողովրդի անվտանգության ապահովման կարեւորագույն երաշխիքը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը:
«Մենք` բոլորս, ողջ հայությունը հպարտանում ենք մեր քաջարի զինվորներով, ովքեր իրենց ամենօրյա համեստ ու խիզախ կեցվածքով պատվով իրականացնում են հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինելով կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն»,- նշել է Նախագահ Սահակյանը:
Բակո Սահակյանի խոսքով` պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակներն այս ու մյուս զորավարժություններից կանեն անհրաժեշտ հետևություններ ևբկիրականացնեն համապատասխան աշխատանք զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ:
Նախագահ Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների: