08/11/2016 16:00
Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. Այն համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին
Հանրապետության Նախագահն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, որին մասնակցել են հանրապետության մշակույթի ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, Մշակույթի նախարարը, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը և այլ հյուրեր:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ:
Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը և ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ:
Շենքը տեխնիկապես վերազինվել է: 2013թ. մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016թ. նոյեմբերին:
Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար: