08/11/2016 19:08
Ամերիկայում բնակվող հայ դերասանները նպատակ ունեն հայկական թատրոն հիմնել
Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած հայ դերասանները, թեև սերիալային զբաղվածության խնդիր գրեթե չեն ունենում, բայց այ, բեմական կյանում, բավական պասիվ են: Սակայն օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Գրիգորի Հակոբյանը, ով ևս վերջին տարիներին համալրել է ամերիկահայերի շարքերը, Aysor.am-ին տեղեկացրեց պատրաստվող նոր ներկայացման մասին, որն Ամանորի նախաշեմին կլուսավորի փոքրիկների առօրյան:
«Արդեն 2 տարի է՝ այստեղ եմ ապրում, ու ամեն տարի մտածում էի՝ մի բան անել տեղի երեխաների համար: Այս տարի ընկերներս ստիպեցին, որ որոշումս իրականություն դարձնեմ: Այստեղ Հայաստանից շատ դերասաններ կան, պրոֆեսիոնալ արտիստներ, ինչո՞ւ մի լավ ներկայացում չբեմադրենք: Արդեն իսկ սկսել ենք փորձերն ու պատրաստում ենք գունավոր, երաժշտական մանկական ներկայացում»,-նշեց Գ. Հակոբյանը:
1 ժամ տևողությամբ ներկայացումը բեմադրվելու է Գլենդելի ARTN թատրոնում, բեմում են լինելու սիրված մուլտհերոսներ Մաշան, Արջը, Մինյոնն ու այլ հեքիաթային կերպարներ, որոնց մամնավորելու են դերասաններ Գրիգորի Հակոբյանը, Նարեկ Ներսիսյանը, Աննա Նուրիջանյանը, Լիանա Պետրոսյանը, Գոհար Կարապետյանը, Արմեն Գևորգյանը, Լուսինե Ուրֆալյանը:
«Այս կազմից չորսս երկար տարիներ եղել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ ու օվկիանոսից այս կողմ այսօր նույն մեր գործն ենք անում այստեղի երեխաների համար: Ներկայացումը կոչվում է «Մաշայի ամանորյա արկածները»: Վստահ եմ՝ այստեղ բնակվող հայ մանուկները մեկ ժամ լիարժեք կծիծաղեն: Վերջում նրանց անպայման Ձմեռ պապը կայցելի»,-ընդգծեց նա:
Կախված անդրանիկ ներկայացման հաջողությունից՝ հնարավոր է, որ ԱՄՆ-ում երիտասարդ դերասանները հայկական թատրոն հիմնեն՝ թատերական կայուն խաղացանկով ու հետաքրքիր պիեսներով:
«Եթե այս ներկայացումը լավ ստացվի, պլանավորում ենք մեր խմբով թատրոն ստեղծել: Դերասանն, առանց թատրոն, նշանակում է առանց հոգի և մարմին»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գրիգորի Հակոբյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08