09/11/2016 14:59
Լեհաստանի դեսպանը հուսով է, որ հայերը Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման փոխարեն կընտրեն «Կրակովի կապելայի» համերգը
Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Կրակովի կապելա» երգչախումը Լեհաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ հանդես կգա համերգով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
«Լեհաստանի դեսպանությունը, համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության և Լեհաստանի Հանրապետության ժառանգության և մշակույթի նախարարության հետ, կազմակերպելու են բավականին հայտնի «Կրակովի կապելա» երգչախմբի համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում», - նշեց դեսպանը:
Նովակովսկին նաև հույս հայտնեց, որ իսկական երաժշտասերները նախապատվությունը կտան համերգին՝ անկախ նրանից, որ այդ օրը լինելու է հայերի համար կարևոր ֆուտբոլային հանդիպում աշխարհի առաջնությանն ընդառաջ (Հայաստան-Մոնտենեգրո հանդիպում - Aysor.am):
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը նշեց, որ 12 հոգանոց «Կրակովի կապելա» երգչախումը կատարելու է լեհական միջնադարյան երաժշտություն, նաև հայտնի լեհ կոմպոզիտորների, այդ թվում՝ Շիմանովսկու, Գորեցկու, նաև Առվո Պիարտի ստեղծագործությունները: