09/11/2016 14:24
Պետք է կարգի բերենք մեր տնտեսությունը, հույսներս չդնենք ԱՄՆ փոփոխությունների վրա. ՀՀ ֆինանսների նախկին նախարար
Ամերիկայի Միացյալ Նահագներրի նախագահական ընտրություններուններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակով համաշխարհային ֆինանսական շուկայում շատ էական փոփոխություններ սպասել պետք չէ. այնտեղ շատ բան կախված չէ գործադիր իշխանությունից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն իբրև պետություն, տնտեսություն, ունենալով տնտեսական կարգավորման կատարյալ մակարդակ, և ինչու ոչ, ունենալով նաև լրջագույն հիմնախնդիրներ, այնուամենայնիվ, եղել և մնում են Միացյալ Նահանգներ, հետևաբար, Դոնալդ Թրամփի հաղթանակով շատ էական փոփոխություններ համաշխարհային ֆինանսական շուկայում սպասել պետք չէ», - ասաց Էդվարդ Սանդոյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների փոխհարաբերություններին, ապա տնտեսագետը կարծում է, որ որոշակի բարելավվում կարելի է սպասել: Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների վերացում էլ, ըստ Սանդոյանի, կարելի է սպասել:
«Չեմ ասում, թե դա հստակ տեղի կունենա, բայց քաղաքականության դաշտում որոշակի փոփոխություն կլինի. Ռուսաստան-ԱՄՆ, Միացյալ Նահանգներ-Եվրամիություն, Միացյալ Նահանգներ-Չինաստան, իհարկե, որոշակի փոփոխություններ կլինեն, բայց քանի որ Թրամփը ոչ ստանդարտ քաղաքական գործիչ է, հետևաբար շատերի համար անկանխատեսելի է: Այս պահի դրությամբ ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե իրականության մեջ ինչպիսի գործողությունների նա կարող է գնալ», - նշեց տնտեսագետը:
Թեպետ, ըստ Էդվարդ Սանդոյանի, այս պահին արդեն տեղաշարժեր կան և′ ոսկու գնի, և′ դոլարի փոխարժեքի, և′ նավթի գնի մեջ:
«Շուկայական նման ինդիկատորները շատ հաճախ արագ արձագանքում են այսպիսի քաղաքական փոփոխություններին, բայց դրանից հիմնարար փոփոխություններ չեն լինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք պետք է կարողանանք բարեփոխումներ անել, մեր տնտեսությունը կարգի բերել, հույսներս չդնենք Միացյալ Նահանգներում փոփոխությունների վրա», - եզրափակեց Էդվարդ Սանդոյանը: