09/11/2016 14:56
«Մնաց 7 օր». Նոր ներկայացում՝ կանանց և աղջիկների ոտնահարված իրավունքների մասին
Օրերս Թատրոն 8 թատերախումբը հանդիսատեսին ներկայացավ նոր՝ «Մնաց 7 օր» ներկայացմամբ, որն անդրադառնում է կանանց և աղջիկների իրավունքներին: Ներկայացումը պատրաստվել է ԵԱՀԿ-ի պատվերով՝ SYNU (եզդիական հասարակական կազմակերպություն) կազմակերպության հետ համատեղ:
«Մեր թատերախումբն այս ներկայացմամբ բարձրացրեց նրանց հուզող հարցը, որն է՝ վաղաժամ ամուսնությունն ու թերի կրթությունը: Կանանց թույլ չեն տալիս դպրոցն ավարտելուց հետո անցնել ուսումնական մեկ այլ փուլի: Իրականում, սա մարդու իրավունքների խախտում է, իսկ ես կարծում եմ, որ թատրոնը մարդու իրավունքների մասին է բարձրաձայնում: Բոլոր ժամանակներում ցանկացած դրամատուրգիայի մեջ ամենամեծ կոնֆլիկտն այն է դառնում, որ անձի իրավունքը ոտնահարվում է»,-Aysor.am-ի հետ զրույցում նկատեց Թատրոն 8-ի հիմնադիր անդամ, դերասանուհի Մարիանա Եղիազարյանը:
Թատերախումբը Երևանում խաղում է Մետրո թատրոնի բեմում: Ներկայացումը բեմ է բարձրացել նաև մարզերում, որտեղ վաղաժամ ամուսնություններն ամենատարածվածն են:
«Անկեղծ ասած՝ չէի հավատում, որ մեր ժամանակներում այս խնդիրն այդքան արդիական է, ընտանքը կարող է աղջկան ստիպողաբար ամսունացնել կամ ընդհակառակը՝ թույլ չտալ ամուսնանալ իր ընտրած տղայի հետ: Դպրոցի տնօրեններից մեկն ասաց, որ նույնիսկ դեպքեր են եղել, որ աղջիկներին 8-րդ դասարանից հետո թույլ չեն տվել ուսումը շարունակել: Աղջիկներից մեկն էլ, ով 8-9-րդ դասարանի աշակերտուհի էր, ներկայացումից հետո մոտեցավ ու ասաց՝ իր մայրը շատ նման է իմ մարմնավորած հերոսուհուն: Այդ աղջկա մայրիկին ամուսնացրել են 14 տարեկանում ու հիմա նա ընդամենը 30-31 տարեկան է, եթե ոչ ավելի փոքր: Ըստ իս՝ գոնե այս դարում, չկրթված մայրը չի կարող կիրթ սերունդ տալ: Ու խոսքս բոլորովին է զուտ համալսարանական կրթության մասին չէ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Նկատառմանը, որ մեր տատիկների տված սերունդներն ամենևին էլ անկիրթ չեն եղել, ժպիտով պատասխանեց.
«Հիմա բոլորովին այլ ժամանակաշրջան է, այլ՝ իրավիճակ»:
1 ժամ 20 րոպե տևողությամբ «Մնաց 7 օր» պիեսի հեղինակը Կարինե Խոդիկյանն է, ռեժիսորը՝ Գոռ Մարգարյանը: Դերակատարներն են Մարիանա Եղիազարյանը, Ժաննա Հովակիմյանը և Լևոն Հարությունյանը: