09/11/2016 13:16
Միլս. Անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը, ամերիկյան կառավարությունը կշարունակի մնալ կայուն գործընկեր Հայաստանի համար. Լուսանկարներ. (Տեսանյութ)
Նոյեմբերի 9-ին վաղ առավոտյան պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և լրագրողներ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ միասին հետևում էին ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Մինչ Միացյալ Նահանգներից ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում էին նախագահական ու կոնգրեսական ընտրությունների արդյունքները, դեսպանության ամերիկացի անձնակազմը և հայ հյուրերը հետևում էին տեղամասերի փակման ու ողջ երկրով մեկ արդյունքների ամփոփման ժողովրդավարական գործընթացին, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:
Հրավիրված էին ավելի քան 800 հյուր, ովքեր առիթ ունեցան շփվել ամերիկացի դիվանագետների հետ և քննարկել ընտրություններն այն պահին, երբ տարբեր ամերիկյան հեռուստաալիքներով իրական ժամանակում հաղորդում էին արդյունքները:
«Այսօր նշանակալի օր է, որ կրկնվում է ամեն չորս տարին մեկ անգամ. սա այն օրն է, երբ Միացյալ Նահանգները վերահաստատում և տոնում է ժողովրդի կողմից երկրի նախագահ ընտրելու իր 240-ամյա ամուր ժողովրդավարական ավանդույթը», - ասել է դեսպան Ռիչարդ Միլսը:
«Ինչքան էլ որ բուռն ու հագեցած էր այս տարվա ընտրարշավը, այնուամենայնիվ, ամերիկացիները գիտեն, որ երեկվա քվեարկության արդյունքների հիման վրա 2017թ. հունվարի 17-ին տեղի կունենա իշխանության խաղաղ հանձնում ԱՄՆ Սահմանադրությանն ու օրենքներին համաձայն: Եվ ինչպես անցյալ շաբաթ նշեց պետքարտուղար Քերին՝ մենք այժմ 58-րդ անգամ նախագահի ընտրության ազատ ու արդարացի գործընթացում ենք և դա եղել է 58 անգամ անընդմեջ: Աշխարհի շատ այլ վայրերի համեմատ սա պարզապես ապշեցուցիչ է», - նշել է դեսպանը:
Նախագահ Օբաման, ում պաշտոնավարման երկրորդ ժամկետն իր ավարտին է մոտենում, իշխանությունը կհանձնի հաջորդ նախագահին, ով հանդիսավոր երդմնակալությամբ պաշտոնը կստանձնի 2017թ. հունվարի 20-ին:
Ներկա հայ հյուրերին դեսպան Միլսը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև գերազանց գործընկերությունը, որի ներքո այս տարի կնշվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, կշարունակի ամուր մնալ՝ անկախ այն հանգամանքից, թե ով կզբաղեցնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը:
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հարևանների հետ խաղաղ գոյակցող անկախ ու բարեկեցիկ Հայաստանի կայացման մեր ընդհանուր հանձնառությանը և անկախ այն հանգամանքից, թե ով կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանատունը կշարունակեն մնալ կայուն գործընկեր ու բարեկամ Հայաստանի համար, և միասին մենք կաշխատենք ապահովել ժողովրդավարական ու բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը», - ասել է դեսպան Միլսը: