10/11/2016 13:02
Խնդիր չէ, որ ԱՄՆ արդեն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացված չէ ղարաբաղյան խնդրի մասին. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտագին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ խնդիր չէ, որ ԱՄՆ արդեն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացված չէ ղարաբաղյան խնդրի մասին:
Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ տարածաշրջանում փոխվի Ամերիկայի դիրքորոշումը նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով, ասաց. «Մենք տեսնում ենք, որ գործ ունենք մի կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն, նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով, և այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, իհարկե, կտեսնենք»:
Փոխարտգործնախարարի խոսքով լուրջ մտահոգվելու տեղ չկա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա:
Լրագրողները հիշեցրին, որ տարիներ առաջ ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցին Թրամփն արձագանքել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյան խնդրի մասին:
«Դրա համար էլ ես ասացի, որ շատ կայուն համակարգ է իր կառույցներով, փորձագետներով: Այնպես որ, դա խնդիր չէ: Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում: Բայց բնական է, երբ կոնկրետ զբաղվի այդ հարցերով, կունենա այդ ամբողջ տեղեկտվությունը», - ասաց Շավարշ Քոչարյանը: