10/11/2016 18:34
ԱՄՆ-ն մեծ դերակատարություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում. Բակո Սահակյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ պարոն Թրամփ,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Արցախում ԱՄՆ-ն համարում են բարեկամ երկիր, պետություն, որտեղ ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը:
Արդեն քառորդ դար է, ինչ մեր ժողովուրդը պայքարում է իր ազատության և անկախության համար, կառուցելով ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն և քաղաքացիական հասարակություն, արժեքներ, որոնք նաև ամերիկացիների համար հանդիսանում են հիմնարար ու սկզբունքային:
Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, մեծ դերակատարություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում: Վստահ եմ, որ Ձեր նախագահության օրոք Ամերիկան կշարունակի իր այս կարևոր առաքելությունը` այսուհետ ևս նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ու ամրապնդմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, հաջողություններ ու ամենայն բարիք»: