10/11/2016 13:13
Միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի. դա բոլորիս համար աքսիոմ է. Շավարշ Քոչարյան
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանում զորավարժություններ անցկացնելով Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչելը:
«Այդ արձագանքն արդեն եղել է արտգործնախարարի կողմից: Խնդիրն այն է, որ Սանկտ-Պետերբուրգից և Վիեննայից հետո նմանատիպ զորավարժությունների անցկացման համար 40 օր առաջ պետք է դիմեին, որը չեն արել: Սա կրկին խոսում է նրա մասին, որ Բաքուն, ըստ էության, շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչելը», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե իրավիճակը սահմանին կարող է սրվել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի: Դա արդեն բոլորիս համար աքսիոմ է, առավել ևս ապրիլյան դեպքերից հետո»: